Վարչապետը ՊԵԿ-ի առաջ խնդիր դրեց ուշադրության կենտրոնում պահել ՀԴՄ-ների տրամադրման հարցը |armenpress.am|
13:02 - 26 մարտի, 2020

Վարչապետը ՊԵԿ-ի առաջ խնդիր դրեց ուշադրության կենտրոնում պահել ՀԴՄ-ների տրամադրման հարցը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 2020 թվականի առաջին եռամսյակում 5 մլրդ դրամով կգերակատարի հարկային եկամուտները։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս առումով վարչապետը ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրեց հարկային կարգապահության կարևորության վրա։ «Այսօր շատ սոցիալական, տնտեսական աջակցության խնդիրների մասին են խոսում։ Այդ խնդիրները լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ ու այդ եկամուտները պետք է ունենա հարկային համակարգի միջոցով։ Շատ է ասվում՝ մարդիկ չեն աշխատում, իրենցից հարկ եք ուզում։ Չաշխատող, շրջանառության բացակայության, շահույթի բացակայության պարագայում հարկ ուզել հնարավոր չէ։ Հարկ ուզում են միայն այն պարագայում, երբ կա հարկային ձեւավորված պարտավորություն, սա շատ կարեւոր է արձանագրել»,-  ասաց վարչապետը։

Դիմելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ վարչապետն ասաց, որ մանրածախ առևտրի ծավալների աճին զուգահեռ ազդակներ է ստանում, որ տնտեսավարողները սկսել են կիրառել ՀԴՄ չտալու պրակտիկան՝ համարելով, որ հիմա ճգնաժամային իրավիճակ է և մեծ ուշադրություն չի դարձվի: «Հիմա հակառակը՝ ճգնաժամային իրավիճակ է, և, այո՛, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի։ Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները։ Հիմա շատ ձեռնարկություններ չեն աշխատում, նույնիսկ շատ խանութներ չեն աշխատում, այս պրոցեսի պոտենցիալ հասցեատերերը շատ ավելի քիչ են։ Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հայտնաբերի ու խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպքի, որովհետև որևէ արդարացում չկա դրան։ Մանավանդ այսօր, որ խանութների շրջանառություններն էականորեն աճել են»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ չպետք է թույլ տալ, որ ճգնաժամային պայմաններում նման երևույթներ լինեն հարկային կարգապահության ուղղությամբ: Նա ընդգծեց՝ եթե բոլոր մարմիններն աշխատում են այլ տրամաբանությամբ ու ռեժիմով, ՊԵԿ-ը պետք է կրկնակի և եռակի խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երևույթների նկատմամբ։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այդպես էլ ընկալել են իրենց այսօրվա թե՛ աշխատանքային ամենօրյա գործառույթների իրականացումը, թե՛ այն մարտահրավերը, որը նետված է կոմիտեին: «Հետևաբար, մենք հայտարարել ենք նաև հանրությանը՝ ՊԵԿ-ն աշխատում է ամբողջ ծավալով։ Բոլոր գործառույթներն իրականացվում են։ Հսկողական գործառույթներ իրականացնող հիմնական 2 վարչությունները՝ ընթացիկ հարկային հսկողության վարչությունը և հետաքննության և օպերատիվ հսկողության վարչությունը, ամբողջ ծավալով իրականացնում են իրենց գործառույթները՝ նաև զուգահեռ իրականացնելով պարետի որոշմամբ ամրագրված այն հսկողական գործառույթները, որոնք պետք է գործունեության տեսակների արգելքի հետ կապված պարտադիր կերպով իրականացվեն»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով վարչապետին ուղերձի համար, որովհետև նրա ուղերձը հարկային վարչարարության տեսանկյունից թե՛ հարկ վճարողների, թե՛ հարկային վարչարարություն իրականացնողների մոտ կառաջացնի նոր մոտիվացիա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել