armenpress.am: ՀՀ կառավարությունը որոշել է իր առաջարկությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման օրակարգից հանել կորոնավիրուսից մահացածներին չհերձելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս մասին ասաց ԱԺ մարտի 31-ի արտահերթ նիստում մեկ այլ օրենքի նախագծի վերաբերյալ իր ելույթի վերջում: «Կառավարությունը որոշել է երկրորդ ընթերցման օրակարգից հանել Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքը»,-ասաց նախարարը:
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր մարտի 30-ի արտահերթ նիստում: ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն այն ներկայացնելով մասնավորապես նշել էր, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված պահանջներին։
Նշված հիվանդության վերավարակելիության աստիճանը դեռևս ամբողջովին ուսումնասիրված և բացահայտված չէ, ինչպես նաև դիակի ներսում կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված չէ, կարող են հերձման արդյունքում առաջանալ վարակի տարածման անդառնալի հետևանքներ:
Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել այս հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում, ըստ բժշկական փաստաթղթերի, չիրականացնել հերձում` վարակի հետագա և մեծածավալ տարածումը կանխելու նպատակով:
comment.count (0)