143 անձ քվեարկել է խցիկից դուրս, 6 անձ նկարել է քվեաթերթիկը. դիտորդները Արցախի ընտրությունները դիտարկում են օնլայն
 |armtimes.com|
19:29 - 14 ապրիլի, 2020

143 անձ քվեարկել է խցիկից դուրս, 6 անձ նկարել է քվեաթերթիկը. դիտորդները Արցախի ընտրությունները դիտարկում են օնլայն |armtimes.com|

armtimes.com: «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը Արցախում անցկացվող այսօրվա ընտրությունները դիտարկում է հիմնականում օնլայն ռեժիմով: Արցախի մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Հիմնականում դիտորդությունը անում ենք հեռակա՝ տեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով, որովհետեւ ամեն դեպքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մեր համար մի քիչ սկզբունքային էր դիտորդների անվտանգությունը, որպեսզի ռիսկի չդիմենք: Հայաստանից եկել է մոտ 10 հոգի, բոլորը կորոնավիրուսի թեստ անցած, բայց այդքանս ենք, մնացածը աշխատում են օնլայն ռեժիմով»,- ասաց Իոաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ առաջին փուլին հետեւում էին 113 դիտորդով, հիմա 65 հոգով ենք հետեւում, բայց օնլայն:

ՀԿ-ն այսօրվա ժամը 14:00-ի տվյալներով արդեն նաեւ հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով տեղամասերում դիտարկման արդյունքները: Կազմակերպությունը տեղեկացնում է, որ չնայած տեղամասերում առկա տեսախցիկների աշխատանքի որակին եւ որոշ դեպքերում տեղադրված դիրքի անհարմարությանը, ժամը 14։00-ի դրությամբ 48 ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումների միջոցով դիտարկման նախնական արդյունքներով դիտորդական առաքելության կողմից արձանագրվել է․

ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի ներկայության 44 դեպք,

վկայականը տեսանելի չկրող անձի ներկայության 40 դեպք,

ընտրողի կողմից քվեաթերթիկը քվեախցիկից դուրս լրացնելու 143 դեպք,

ընտրողի կողմից քվեաթերթիկը լուսանկարելու 6 դեպք,

հանձնաժողովի նախագահի լիազորություններն այլ անձի կողմից իր վրա վերցնելու 10 դեպք,

քվեասենյակում կուտակումների 14 դեպք։

«Այս ամենից զատ՝ հարկ է նշել, որ 7։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգը, դիտարկված ընտրատեղամասերում ընտրական գործընթացի մասնակիցները չեն կրել համավարակի տարածումը կանխելու համար նախատեսված պաշտպանիչ միջոցներ 125 դեպքում»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել