ԵՊՀ-ում եւ ՀՊՏՀ-ում ուսման վարձը վճարել է սովորողների միայն 30 տոկոսը, ԵՊԲՀ-ում պատկերը կարող է խաբուսիկ լինել
 |armtimes.com|
21:24 - 20 ապրիլի, 2020

ԵՊՀ-ում եւ ՀՊՏՀ-ում ուսման վարձը վճարել է սովորողների միայն 30 տոկոսը, ԵՊԲՀ-ում պատկերը կարող է խաբուսիկ լինել |armtimes.com|

armtimes.com: Այս շրջանում ուսանողներին հուզող գլխավոր հարցերից են վարձերի վճարումները։ Արտակարգ դրության պայմաններում շատ ուսանողներ եւ նրանց ծնողներ հարկադիր պարապուրդի պատճառով դժվարանում են ուսման վարձը վճարել։

Մեզ հետ զրույցում Երեւանի պետական համալսարանի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ ուսանողների միայն 30%-ն է վճարել վարձը։

Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 31-ին Մայր բուհը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ուսանողները կարող են մասնակցել առցանց դասընթացներին եւ վճարումներ կատարեն ավարտական աշխատանքների նախապաշտպանությունից առաջ:

Տոկոսային առումով նույն պատկերն է նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ուսման վարձերը վճարել են սովորողների մոտ 30%-ը։ Այս մասին հայտնեցին բուհի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հավելենք, որ ՀՊՏՀ-ն եւս մինչ քննաշրջանը ուսանողներից չի պահանջելու վճարել վարձերը։

Տոկոսային առումով թեեւ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում վարձերը մուծած ուսանողների թիվը մեծ է, սակայն բուհի աշխատակազմի ղեկավար Շուշանիկ Դանիելյանի խոսքով՝ իրենց մոտ պատկերը կարող է խաբուսիկ լինել։ Պատճառն այն է, որ ԵՊԲՀ-ում սովորողների մեծամասնությունն արտասահմանից է, իսկ նրանք վճարել են վարձերը։ Դանիելյանը հստակ թիվ թեեւ չնշեց, սակայն ընդգծեց, որ վճարումները մոտ 70%-ի կարող են հասնել։ Նրա խոսքով՝ չունեն առաձնացված տեղեկատվություն, թե հայաստանցի ուսանողների քանի՞ տոկոսն է վճարել․ կան մարդիկ, որ ամսական կտրվածքով են վճարում, ոմանք էլ դեռեւս ընդհանրապես վճարում չեն կատարել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել