armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը բյուջեով հատկացված միջոցներից 743 մլն 769 հազար դրամ հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ ուսումնական եւ մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նշվածը բխում է ուսումնական եւ մարզական հաստատությունների նորոգման/հիմնանորոգման, կառուցման/վերակառուցման մասնաշենքերի, մարզադահլիճների կառուցման/վերակառուցման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ ՀՀ Արմավիրի մարզում ծանրամարտ մարզաձեւի համար ժամանակակից եւ արդի պահանջներին համապատասխան մարզադահլիճի կառուցման անհրաժեշտությունից։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն արդեն կնքել է «Երեւանի Լեոյի անվան N 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան N 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վեդիի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման, 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցման, ինչպես նաեւ Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի եւ Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերը։
Որոշման ընդունման անհրաժեշտությունը ելնում է նաեւ այն հանգամանքից, որ որոշ ուսումնական եւ մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար 2019 թվականին արդեն կազմվել են նախագծեր, եւ 2020 թվականին անհրաժեշտ է դառնում այդ շինությունների կառուցման/վերակառուցման աշխատանքների կազմակերպումը։ Այդ հաստատություններն են Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, որի համար նախագծված է հանրակացարանային նոր մասնաշենքի կառուցում, ք. Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը եւ «Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը։
comment.count (0)