ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են ընդլայնել հանրային պաշտպանի ծառայությունից օգտվողների շրջանակը

 |armenpress.am|
19:12 - 08 մայիսի, 2020

ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են ընդլայնել հանրային պաշտպանի ծառայությունից օգտվողների շրջանակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանը նոր օրենքի նախագծով առաջարկում են, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս կարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից: «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը:

Նախագծով առաջարկվում է «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը` շարադրել նոր խմբագրությամբ:  «Օրենքով սահմանված կարգով հաստատված` զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս պետք է կարողանան օգտվել հանրային ծառայողի ինստիտուտից: Փաստաբանության մասին գործող օրենքով սահմանված է, որ Հայաստանտ երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն՝ մասնավորապես ՀՀ-ի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին: Մենք գտնում ենք, որ այս վերաբերմունքն արդարացի չէ այն զինծառայողների անդամների հանդեպ, որոնց զավակները Զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնելու ընթացքում մահացել են այլ հանգամանքներում»,-ասաց պատգամավորը:

Զոհրաբյանը նշեց՝ առկա է բավականին ցավալի վիճակագրություն՝ բանակում սպանություն, ինքնասպանություն և այլն: Եվ այդ անձանց ընտանիքները առ այս պահը չեն կարողանում օգտվել հանրային պաշտպանի ինստիտուտի անվճար ծառայությունից:  Նա հիշեցրեց, որ հանրային պաշտպանի ինստիտուտից օգտվում են 16 կատեգորիաներ, և երբ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է սևազգեստ մայրերին, նրանց բարձրացրած հիմնական հարցերից մեկն էլ եղել է հենց դա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել