shantnews.am: Գյումրիի քաղաքապետարանը բողոք կներկայացնի ԲԴԽ-ին։ Այս մասին որոշումն այսօր ընդունվել է Գյումրիի ավագանու հերթական նիստում։ Բարձրագույն դատական խորհրդին բողոք հայտնելու մասին նախագիծը ներկայացրել է ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։ Ըստ նրա` բողոքի համար հիմք են հանդիսացել 3 դատական գործեր, որոնց քննության արդյունքում կայացված վճիռներով խախտվում է քաղաքապետարանի գույքային իրավունքը։
ԲԴԽ-ի քննությանն ենք ներկայացնում 3 դատական գործեր, որոնց արդյունքում կայացված, համայնքի շահերից չբխող, անհամաչափ և ոչ օբյեկտիվ իրավական ակտերի իրականացման դեպքում համայնքը կկրի ոչ մի կերպ չարդարացված ֆինանսական կորուստներ։ Ըստ էության, անհատ մարդկանց քմահաճույքները և նյութապաշտական նկրտումները վեր են դասվել համայնքի շահերից։ 3 գործերի դատավորները խախտել են դատավորների ընդհանուր ժողովի 2016թ. փետրվարի 19-ի թիվ 12 որոշմամբ հաստատված դատավորի վարքագծի կանոնների որոշ դրույքներ։
Առաջին դատական գործը վերաբերում է կենտրոնական գրադարանի տարածքի մի մասի զբաղեցմանը։ Գույքը համայնքապատկան է, բայց մի մասը տարիներ շարունակ անհատ է զբաղեցնում։ Ձեռագրի անընթեռնելի լինելու պատճառով հնարավոր չէ գույքն ազատել։ Ծաղրի նման է հնչում։ Երկրորդ գործը քաղաքապետարանի նախկին աշխատակցի՝ Յաշա Պողոսյանի հայցին է վերաբերում։ Նրա հաստիքը լուծարվել է, բայց դատարանի որոշմամբ քաղաքապետարանը պետք է նրան աշխատավարձ վճարի։
Իսկ երրորդ գործը Տիգրան Մեծ փողոցում տեղադրված կրպակին է վերաբերում, որը չի հեռացվել տարածքից և, ըստ էության, ձախողվել է ՎԶԵԲ-ով իրականացվող ծրագրում համայնքապետարանի պարտականությունների կատարումը, այն է, ասֆալտապատումը»,- ասել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։
Գյումրիի ավագանին այսօր նաև որոշում է ընդունել կառավարությանը ուղերձ հղելու մասին։ Առաջարկում են բոլոր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողով կազմել, ուսումնասիրել ապառքների գոյացման պատճառները և արտոնություններ սահմանելու հնարավորությունները։
comment.count (0)