«Իմ քայլը» խմբակցությունը մերժել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ Զինծառայողների սոցապահովության հիմնադրամից անհետացած խոշոր գումարների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Այս առնչությամբ, Տիգրան ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
««Իմ քայլը» խմբակցությունը մերժեց վարչապետի առաջարկը։ Սա առնվազն տարօրինակ եմ համարում։ Զինծառայողների սոցապահովության հիմնադրամից անհետացած կամ չվճարված միլիարդների պատմությունն արդեն բոլորը գիտեն, բոլորը նաեւ լսեցին վերջին անգամ իմ հարցին Փաշինյանի հնչեցրած առաջարկը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ձեւավորելու եւ խնդիրը քննության առարկա դարձնելու վերաբերյալ։
Եվ ահա իմ կողմից այդ առաջարկն ընդունելու եւ ԱԺ բոլոր խմբակցություններին դիմելու (քանի որ օրենքը պահանջում է առնվազն 33 պատգամավոր) ու գործընթացը սկսելու արդյունքում ստացա հենց այս պատասխանը «Իմ քայլ:-ից։ Սա արդեն համարում եմ քաղաքական հարված՝ խնդրով հետաքրքրված հասարակության, զինծառայողների, իմ եւ հենց իրենց ղեկավար Փաշինյանի նկատմամբ։
Նորից հայտարարում եմ՝ խնդիրը չի անհետանալու, մինչեւ ամենը չբացահայտվի։ Գնում եմ մինչեւ վերջ։ Նշեմ, որ ընդդիմադիր խմբակցություններից պատասխան դեռ չկա»:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ Ուրիխանյանին ուղղված պատասխանում ասվում է. «Ձեր կողմից ներկայացված թեման, մեր դիտարկմամբ, չի հանդիսանում քննիչ հանձնաժողովի առարկա, ուստի առաջարկում ենք, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, ստեղծել աշխատանքային խումբ, որի շրջանակներում կկարողանանք քննարկել Ձեր կողմից ներկայացված հարցերը եւ դրանց տալ լուծում»»:
comment.count (0)