Առգրավված կամ կամավոր հանձնված զենքը կարող է հանձնվել կոմիսիոն վաճառքի |armenpress.am|
13:33 - 14 մայիսի, 2020

Առգրավված կամ կամավոր հանձնված զենքը կարող է հանձնվել կոմիսիոն վաճառքի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը սահմանեց առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքերի ու ռազմամթերքի ընդունման կարգը:

Սույն կարգով կարգավորվում է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից հանրային իշխանության մարմիններից, հասարակական կազմակերպություններից, իրավաբանական ու ֆիզիկական անձանցից առգրավված (վերցված), կամավոր հանձնված, գտնված զենքը և ռազմամթերքը Ոստիկանության տնտեսական վարչության զինապահեստ ընդունելու գործընթացը:

Ոստիկանության ստորաբաժանումները պարտավոր են զենքը տասնօրյա ժամկետում ուղարկել Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ հետազոտության կամ փորձաքննության, ինչպես նաեւ համապատասխան հաշվառումներով ստուգելու համար:

Ըստ հիմնավորման, Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում հետազոտված կամ փորձաքննության ենթարկված զենքը խմբավորվում ու պահեստավորվում է:

Վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին կամ քրեական գործը կարճելու մասին որոշումների, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումների կամ դատավաճիռների առկայության դեպքում, զենքը (այդ թվում՝ (իրեղեն ապացույց ճանաչված և դրա պահելու անհրաժեշտությունը վերացած) հանձնվում է զինապահեստ:

Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի եզրակացության հիման վրա Ոստիկանության տնտեսական վարչությունը կազմակերպում է զենքի ընդունումը զինապահեստ: Զինապահեստ ընդունելիս զենքը հաշվառվում է Ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով:

Զինապահեստ ընդունված օգտագործման համար պիտանի զենքը ոչնչացման ենթակա չէ:

Օգտագործման համար պիտանի զենքը հաշվառվում է Ոստիկանության սպառազինության մեջ` հետագայում Ոստիկանության ստորաբաժանումների կողմից ծառայողական նպատակներով օգտագործելու համար:

Զինապահեստ ընդունված քաղաքացիական եւ ծառայողական զենքը հանձնվում է կոմիսիոն վաճառքի (մատակարար իրավաբանական անձի համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում), որից ստացված գումարը փոխանցվում է ՀՀ պետական բյուջե:

Զինապահեստ ընդունված օգտագործման համար ոչ պիտանի զենքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է ոչնչացման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել