armenpress.am: Կառավարության որոշմամբ սեփականություն հանդիսացող Էջմիածնի Զվարթնոց թաղամասում գտնվող անշարժ գույքի 1-ին հարկից 38 մլն 848 հազար դրամ շուկայական արժեքով 394 քմ մակերեսով տարածքը հետ կվերցվի «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ից և 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել մտավոր խնդիրներ ունեցող անձանց` լիարժեքորեն ու հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից:
«Երջանկության ճանապարհ» ԲՀԿ-ի կողմից ներկայացված գործարար ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքի վերանորոգում, անվտանգության համակարգի տեղադրում, կահավորում, տրանսպորտային միջոցի ձեռք բերում, մասնագիտական թիմի ձևավորում, 18-65 տարեկան շուրջ 40 շահառուի ցերեկային զբաղվածության ապահովում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-18:00, վերջիններիս անվճար փոխադրում ցերեկային կենտրոն եւ հակառակ ուղղությամբ, երեքանգամյա սննդի տրամադրում:
Միաժամանակ կիրականացվի շահառուներին վարվեցողության կանոնների, համակարգչային գիտելիքների, հասարակության մեջ ինտեգրվելու, ինքնուրույն կարիքները հոգալու եւ այլ հմտություններ ձեռք բերելու ուսուցում:
comment.count (0)