Արցախի Ազգային ժողովը Շուշի տեղափոխելու համար քայլեր կձեռնարկվեն
21:06 - 21 մայիսի, 2020

Արցախի Ազգային ժողովը Շուշի տեղափոխելու համար քայլեր կձեռնարկվեն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Շուշի տեղափոխելու ցանկություն կա, այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն: Այս մասին հայտնեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստում՝ պաշտոնը ստանձնելու համար երդման հանդիսավոր արարողության իր ելույթում:

«Ես հույս ունեմ, որ հաջորդ ԱԺ-ի՝ արդեն իրական նիստը կկայանա Շուշիում: Կա նման ցանկություն Ազգային ժողովը տեղափոխել Շուշի: Եվ մենք այդ առումով քայլեր կձեռնարկենք»,-ասաց Հարությունյանը:

Նա խոսեց Շուշիի կարևոր դերի մասին: Հարությունյանի կարծիքով՝ Արցախյան շարժումը հայ ժողովրդի երբևէ ունեցած փառավոր հաղթական էջերից մեկն էր, որի լուսապսակը դարձան Շուշիի ազատագրման գործողությունները: Նախագահը նաև խորհրդանշական համարեց, որ Արցախի Հանապետության նախագահի բարձրագույն պաշտոնը ստանձնում է պատմական Շուշիում՝ այն էլ հաղթական մայիս ամսին:

Արցախի Ազգային ժողովը ներկայում Ստեփանակերտում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել