Խորհրդարանում քննարկվում է Ընտրական օրենսգրքում և «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելը |hetq.am|
13:15 - 26 մայիսի, 2020

Խորհրդարանում քննարկվում է Ընտրական օրենսգրքում և «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է Կառավարության և մի խումբ պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքներում և հարակից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը:

Հիմնական զեկուցող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ելույթում կարևորեց ներկայացված նախագծերը:

«Ուզում եմ նշել մի կարևոր նախադեպի մասին. այս օրենքը համահեղինակել են երեք խմբակցությունների պատգամավորներ, և նախադեպային առումով համարում եմ բավական դրական քայլ, Կառավարություն-խորհրդարան համագործակցության ամրացման կարևոր քայլ»,-ասաց Պապիկյանը:

Նախարարի խոսքով` սահմանադրական փոփոխություններից հետո կարիք առաջացավ նոր իրողություններին համահունչ տեղական ինքնակառավարման մարմիններ ունենալ:

«Նախագծով առաջարկվում է սահմանել մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում, նաև բազմաբնակավայր համայնքներում համայնքի ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Սա կարևոր է նրանով, որ քաղաքական կուսակցություններն իրենց ունեցած ռեսուրսը կարողանալու են իրացնել, իրենց ներուժը հինգ տարի շարունակ կարողանալու են իրացնել ավագանիում»,-ասաց Պապիկյանը:

Նախարարի խոսքով` նախկինում շատ են եղել դեպքերը, երբ մեծամասնական ընտրակարգով պայքարող համայնքապետը մեկ-եկու տոկոսով կամ նույնիսկ մի քանի ձայնով պարտություն է կրել, և տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչը հինգ տարի շարունակ դուրս է մղվել տվյալ համայնքում քաղաքական դերակատարում ունենալուց:

«Այս օրենքի նախագիծը երաշխավորում է, որ տվյալ համայնքում լինի առողջ քաղաքական մթնոլորտ, և եթե հնարավորություն ընձեռվի կառուցողական մթնոլորտում ապահովել ավագանու համագործակցությունը, ապա կլինի փոխզսպված ավագանի ու համայնքի ղեկավար: Այն մոդելը, որն առկա է խորհրդարանում, կտեղափոխվի տեղական ինքնակառավարման մարմիններ»,-ասաց Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով` փոփոխություններ են առաջարկվում համայնքների ավագանիների թվաքանակի, ընտրական գրավի չափի, նախընտրական հիմնադրամների ձևավորման վերաբերյալ կարգավորումներում:

Ըստ նախագծի` մինչև 500 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն և ավագանու անդամն ընտրական գրավ չեն վճարում: 501-ից 1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը՝ 10-ապատիկի, 1001-ից 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն՝ 100-ապատիկի, ավագանու անդամը՝ 15-ապատիկի չափով ընտրական գրավ:

«Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4%` գործող 6%-ի փոխարեն, կուսակցությունների դաշինքի համար` 6%` գործող 8-ի փոխարեն: Եվ եթե կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 կամ 6 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացել են երեքից պակաս կուսակցություն, կուսակցությունների դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացած երեք կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը»,-ասաց Պապիկյանը:

Նախարարը կարևորեց այն կետը, որով առաջարկվում է Ընտրական օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40% ստացած կուսակցության ընտրական բոնուսը:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել