news.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը չի կիսում Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի պնդումը, թե ԱԺ-ի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխությունները չեն կարող իրեն վերաբերել, որովհետև ինքը ՍԴ անդամի պարտականություններին անցել է 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից, հետևաբար իր պաշտոնավարման 12 տարին դեռ չի լրացել։
«Մեր առաջարկած փոփոխությունները, որոնք նաև հավանության են արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, խոսում են այն մասին, որ այն դատավորները, որոնք պաշտոնավարել են ՍԴ-ում 12 տարի, պետք է իրենց լիազորությունները դադարեցնեն։ Այնտեղ նշված չէ, որ ընդհատումներով են պաշտոնավարել, եղել են անդա՞մ, թե դատավոր։ Խոսքը հանրագումարի մասին է։ Նույն տիկին Գյուլումյանը, երբ նա ՄԻԵԴ-ում է եղել, ընդհատումներով, բայց փաստացի 12 տարուց ավելի եղել է ՍԴ անդամ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ անգամ եթե Ալվինա Գյուլումյանը կամ այլ դատավոր դիմի որևէ դատական ատյանի, մեկ է` օրենքն ու նրանց անմիջական շահերը կարող են հակասություն ունենալ։
«Որովհետև իրենց սեփական մեկնաբանությունները չեն կարող արտացոլված լինել այն մոտեցումներում, որն ամրագրված է Սահմանադրությունում։ Սահմանադրությունը հստակ տալիս է սպառիչ պատասխաններ հարցերի. հիմա ի՞նչ հարցով, կամ ինչպե՞ս են ուզում վիճարկել, դա իրենց իրավունքն է»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։
Պատգամվորը պնդում է՝ այս հարցով ՍԴ-ի դատավորները անաչառ չեն կարող լինել: Այսօր լրագրողների հետ զրույցում, ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կարծիք հայտնեցին, որ շահերի բախման խնդիր լինել չի կարող։ Ավելին, Հրայր Թովմասյանը նկատեց՝ իսկ Ազգային ժողովն իրեն վերաբերող հարցերն ինչո՞ւ է քննարկում։ Անդրադառնալով ՍԴ նախագահի այս հայտարարությանը Նազելի Բաղդասարյանը նշում է, որ ԱԺ-ի ընդունած օրենքները վերաբերում են պետական ինստիտուտին և այն գործառույթներին, որոնք բխում է պատգամավորի կարգավիճակից։
«Բայց ոչ երբեք պատգամավորին վերաբերվող օրենքներ։ Դիցուք, եթե բարելավող նորմ ընդունվի, այդ նորմերը կիրառության մեջ կմտնեն հաջորդ գումարման Ազգային ժողովի համար»,- ասաց տիկին Բաղդասարյանը՝ շարունակելով, որ Սահմանադրության փոփոխությունները վերաբերում են ոչ թե ՍԴ-ին, այլ դատավորների կազմին։
«Այսինքն՝ մարդը չի կարող քննել մի գործ, որը վերաբերում է իր անձին։ Թե ինչո՞ւ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը մինչև երկրորդ ընթերցումը չի ուղարկվել ՍԴ, սա այդ հարցի պատասխանն է. մենք այդտեղ շահերի բախում ենք ունեցել և այդ հարցով պայմանավորված չենք պատվիրակել, որպեսիզի ՍԴ-ն իր լիազորությունները իրականացնի։ Բայց պարոն Թովմասյանը ազնիվ կլիներ, որ ասի՝ իր ձեռամբ կերտված Սահմանադրությունը օրենսդրական բաց ունի։ Որևէ կերպ ամրագրված չէ, թե ինչ է լինում, երբ ԱԺ-ն նախքան երկրորդ ընթերցումը նախագիծը ՍԴ ուղարկելու քվեարկությանը դրական չի արձագանքում»,- ընդգծեց նա և շեշտեց, որ «Իմ քայլը» օգտվել է հենց այդ օրենսդրական բացից։
Պատգամավորը պնդում է, որ տեղի ունեցած գործընթացն իրավական է։ Հարցին՝ եթե ՍԴ 3 անդամները չեն դադարում պաշտոնավարել, իսկ Հրայր Թովմասյանն էլ ՍԴ նախագահի պաշտոնից չի հեռանում, ի՞նչ է տեղի ունենալու, Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Երբ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հրապարակվի և այն ուժի մեջ մտնի, մենք կսկենք նոր անդամներով համալրման կարգը։ Եվ նոր անդամները կգնան, կզբաղեցնեն իրենց տեղը։ Չլքելը ո՞րն է», - նկատեց նա։
Պատգամավորը հավելեց, որ ՍԴ անդամների թափուր տեղերը կլրացվեն երկու ամսվա ընթացքում։ ԱԺ-ն ՍԴ անդամներ կարող է ընտրել նաև արտահերթ նիստի ժամանակ։ Սա նշանակում է, որ թեև ԱԺ-ն մինչև աշնանային նստաշրջանը հերթական նիստեր չի ունենալու, կարող է ԱԺ արտահերթ նիստ գումարել և ՍԴ անդամներ ընտրել։
comment.count (0)