fip.am: Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հունիսի 20-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց հերթական տեսաուղերձը։
Շուրջ 40 րոպե տևողությամբ տեսանյութում Մինասյանը ոչ միայն հասցրեց վարչապետ Նիկոլի Փաշինյանին վերագրել նոր բիզնեսներ, այլև զուգահեռներ անցկացրեց Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
Մինասյանը, մասնավորապես, հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը վերածել է Հայաստանը Ադրբեջանի և այն կառավարում է նույն բանաձևով, ինչ Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան՝ Ադրբեջանը:
Ըստ Մինասյանի՝ Հայաստանի որևէ ղեկավար երբեք իր գրքի հիման վրա պիես չի բեմադրել թատրոնում, նրանց արձանը չի կանգնեցվել կենդանության օրոք, կամ պետական միջոցներով գիրք չի հրապարակվել նրանց մասին, ինչն այսօր տեղի է ունենում Հայաստանում և Ադրբեջանում:
Ավելին՝ Մինասյանը նաև հայտարարել է, թե երբեք Հայաստանի որևէ ղեկավարի տիկին չի ունեցել այնպիսի ազդեցություն, որն ունի Աննա Հակոբյանը։
«Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն» վերնագրով տեսաուղերձում երրորդ նախագահի փեսան էմոցիոնալ հայտարարություններ է անում, ներկայացնում փաստերը մանիպուլյատիվ մեկնաբանություններով՝ այդպիսով, ակնհայտորեն, նպատակ ունենալով մոլորեցնել հանրությանը, ինչի պատճառով էլ որոշեցինք անդրադառնալ նրա այս հայտարարություններին կետ առ կետ։
«Երբեք Հայաստանի որևէ մի ղեկավարի մասին պետական միջոցներով չի հրատարակվել գիրք, որի անունն է «Փրկիչը Իջևանից», բան, որը տեղի է ունեցել Իջևանում՝ Իջևանի քաղաքապետարանի փողերից»,- իր տեսաուղերձում հայտարարել է Մինասյանը։
Սերժ Սարգսյանի փեսան, սակայն, չարաչար սխալվում է, ավելին՝ Փաշինյանի մասին գրքի հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը ժամանակին գիրք է հեղինակել նաև Մինասյանի աներոջ՝ Սերժ Սարգսյանի մասին։ 2008 թվականին Չիբուխչյանը Տավուշի մարզպետարանի հովանավորությամբ տպագրել էր Սերժ Սարգսյանին նվիրված 479 էջանոց «Ամենամեծ փոքրը» գիրք-ներբողը, որում, մասնավորապես, գրել էր.
Չիբուխչյանն ավելի քան 260 գիրք է հեղինակել (մեծամասամբ՝ համայնքային բյուջեի հաշվին), որոնց մեծ մասը տարբեր երկրների առաջնորդների մասին է (Վլադիմիր Պուտին, Մահմուդ Ահմադինեժադ և այլն): Եթե Միքայել Մինասյանը խնդիրներ է տեսնում պետական միջոցներով առաջնորդների մասին գրքեր հրատարակելու երևույթի մեջ, ապա զարմանալի է, թե ինչու վերջինս որևէ կերպ չի արտահայտվել իր աներոջը ձոնված գրքի մասին։
«Երբեք որևէ մի Հայաստանի ղեկավարի արձանն իր կենդանության և իշխանության օրոք չի դրվել Հայաստանում, բան, որը տեղի է ունեցել Հայաստանում, բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում»,- հայտարարել է Մինասյանը։
2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո՝ աշնանը, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրվեց «Իմ քայլը» անվանումով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քանդակը։ Քանդակի հեղինակը իջևանցի Արմեն Դավթյանն էր, որը սեփական նախաձեռնությամբ էր արձանը տեղադրել։ Նրա որդին բացատրել էր, որ դա մարդուն մեծարելու արձան չէ, և դրա մեջ ամփոփված են հեղափոխության հիմնական գաղափարն ու ձեռքբերումը։ Այստեղ, թերևս, պետք է նշել, որ արձանը պետական կամ համայնքային նախաձեռնություն չէր, պետական միջոցների հաշվին չէր տեղադրվել, այլ ամբողջությամբ քանդակագործի գաղափարն էր։ Ավելին՝ արձանը մի քանի անգամ վնասել են, կոտրել։
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» և Հեյդար Ալիևի արձանների միջև Մինասյանի անցկացրած զուգահեռներին, ապա դրանք մանիպուլյատիվ են։
Գրեթե 3 տասնամյակում Հեյդար Ալիևը պետական մակարդակով ազգային խորհրդանիշ է դարձվել Ադրբեջանում: Նրա անունով փողոցներ կան ամեն քաղաքում: Ավելին՝ պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում կա Ալիևի 60 թանգարան: Մինասյանի տեսանյութում հայտնվող Հեյդար Ալիևի հսկայական արձանը գտնվում է Բաքվի ամենակենտրոնում, այն տեղադրվել է 2005-ին՝ պետական միջոցների հաշվին, քանդակի համահեղինակներից մեկն է Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան։
Փաստացի, Մինասյանի այս համեմատականը մանիպուլյատիվ է, քանի որ Հեյդար Ալիևի հսկա արձանի տեղադրման որոշումը եղել է պետական մակարդակով, այն տեղադրվել է Ադրբեջանի հարկատուների հաշվին, իսկ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին գտնվող «Իմ քայլը» արձանը իջևանցի քանդակագործի գաղափարն էր, որին պետական մակարդակով որևէ աջակցություն չէր եղել և, ըստ հեղինակների, այն որևէ կապ չունի անհատի պաշտամունքի հետ։ Ինչ վերաբերում է անհատի պաշտամունքին, ապա այստեղ տեղի է հիշել Հայաստանի բոլոր դպրոցներում և այլ պետական հիմնարկներում տեղադրված Սերժ Սարգսյանի նկարները, որոնք գնվում էին պետական միջոցների հաշվին։
«Երբեք որևէ Հայաստանի ղեկավար չի բեմադրել իր գրքի հիման վրա թատրոնում պիես իր կենդանության օրոք, բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում»,- հայտարարել է Մինասյանը։
2019 թ. սեպտեմբերին կայացավ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի հիման վրա ստեղծված համանուն պիեսի պրեմիերան։ Սակայն ի հակառակ Մինասյանի պնդման, պիեսը բեմադրել էր ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ, այսպես կոչված, «Թատրոն տանիքում» նախաձեռնությունը, որի անդամ են երիտասարդ ստեղծագործողներ։ Այն ևս պետական նախաձեռնություն չէր, բեմականացվել էր ստեղծագործողների միջոցների հաշվին։ Այն նվիրված չէր Նիկոլ Փաշինյանին, այլ այդ բեմականացումով երիտասարդները բարձրաձայնում էին երկրում առկա տարատեսակ խնդիրների մասին։
Ինչ վերաբերում է Մինասյանի պնդմանը, որ նման բան տեղի է ունեցել նաև Ադրբեջանում, ապա պետք է նշել, որ ո՛չ Հեյդար Ալիևը և ո՛չ Իլհամ Ալիևը գիրք կամ պիես չեն հեղինակել, որ դրանք բեմականացվեին։ Իրենց կառավարման շրջանում և դրանից առաջ գրքեր չեն հեղինակել նաև նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
«Երբեք Հայաստանի որևէ մի ղեկավարի տիկին չի ունեցել այդպիսի ազդեցություն, որն ունի Աննա Հակոբյանը։ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը բաժանել են Հայաստանի իշխանությունը և ֆինանսատնտեսական ռեսուրսները և երկուսով տիրում են։ Բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում, որովհետև Մեհրիբան Փաշաևան համահավասար համասեփականատեր է Ադրբեջանի»,- հայտարարել է Մինասյանը։
Ինչ վերաբերում է Մինասյանի՝ Մեհրիբան Ալիևայի և Աննա Հակոբյանի միջև տարած զուգահեռներին, ապա այստեղ ևս համեմատությունը, մեղմ ասած, տեղին չէ:
Ալիևան Ադրբեջանում ունի ինստիտուցիոնալացված իշխանություն: 2002 թվականից ի վեր նա զբաղեցրել է միանգամից մի քանի կարևոր պաշտոններ, այդ թվում՝ Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ղեկավար, խորհրդարանի անդամ՝ 3 ժամկետով:
2013 թվականից նա իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահն է (նախագահն Իլհամ Ալիևն է):
2017 թվականին՝ սահմանադրության փոփոխությունից հետո, որով Ադրբեջանում ներդրվեց փոխնախագահի ինստիտուտը, Մեհրիբան Ալիևան Իլհամ Ալիևի հրամանով նշանակվեց առաջին փոխնախագահի պաշտոնում:
Սրան զուգահեռ, Հայաստանում Աննա Հակոբյանը ներկայում ունի նույնքան ազդեցություն, որքան նախկինում ունեին բոլոր առաջին տիկինները: Մասնավորապես, նա երկու՝ «Իմ քայլը» և City of smile կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամների ղեկավարն է: Նմանատիպ հիմնադրամների ղեկավարներ են եղել նաև Հայաստանի նախագահների տիկինները: Օրինակ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը և Մինասյանի կնոջ մայրը՝ Ռիտա Սարգսյանը, եղել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահը:
Այսպիսով, Միքայել Մինասյանի կողմից տարվող զուգահեռները կատարելապես հիմնված են կեղծ ու մանիպուլյատիվ պնդումների վրա և շահարկվելով էմոցիոնալ արտահայտությունների հետ միասին՝ հետապնդում են հանրությանը մոլորեցնելու պարզունակ, սակայն չարամիտ նպատակ։
Լուսինե Ոսկանյան
Անի Գրիգորյան
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)