Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառումը |armenpress.am|
12:12 - 25 հունիսի, 2020

Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառումը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

«Միջոցառման շահառու են հանդիսանում այն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ (բացառությամբ բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի,  ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի եւ շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական բրոքերների, վարկային եւ ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների, ոչ առեւտրային կոոպերատիվների, կուսակցությունների) 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում եւ այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի»,- ասաց նախարարը:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝

1) ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը.

2) ով 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաեւ այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա.

3) 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո), ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել.

4) ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 983-Լ որոշումով սահմանված միջոցառման շահառու։

Սույն միջոցառման իմաստով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում 2020 թվականի հունիսի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել