Հայաստանի «զբոսաշրջային ուտոպիան» [Challenge 3.4 | Վահագն Վարդումյան]
20:57 - 28 հունիսի, 2020

Հայաստանի «զբոսաշրջային ուտոպիան» [Challenge 3.4 | Վահագն Վարդումյան]

Վարդումյան Վահագն

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։

Վահագն Վարդումյանը, ընդունելով Տաթև Ասրյանի՝ «Տուրիզմ․ մարդու համար և մարդու մասին [Challenge 3.3]» հոդվածով նետած մարտահրավերը, զարգացրել է զբոսաշրջության թեման։

 

2027

2027 թվականն է։ Մոլորակն ինչ-որ հրաշքով դեռևս ոչ միայն չի վերացել, այլև նույնիսկ որոշ չափով առողջացել է՝ 2020-ի համեմատ։

Մարդիկ նույնպես, ինչ-որ հրաշքով, դեռ կան ու շարունակում են ապրել, աշխատել, ճամփորդել ու բազմանալ, իհարկե՝ մի քիչ այլ կերպ, քան մինչև 2020-ը։ Հայաստանը նույնպես դեռ կա, և արտերկրում Հայաստանի մասին արդեն շատերը գիտեն ու ավելի շատ բան գիտեն, քան նախկինում, քանի արդեն վաղուց գործարկվել ու պարբերաբար թարմացվում են մեր չնաշխարհիկ երկրի մասին պատմող օնլայն պլատֆորմները, ժամացույցի մեխանիզմի նման գործում են ամենատարբեր զբոսաշրջային ծառայությունների օնլայն ամրագրման համակարգերը՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր։ Զբոսաշրջային տեղեկությունների ու ծառայությունների համատարած թվայնացման այս ալիքը Քովիդ 19-ի ստեղծած ճգնաժամի անմիջական հետևանքն էր, որի հաղթահարմամբ, սակայն, այն առանձնապես չմեղմացավ, կարծես թե համավարակն ընդամենը լավ առիթ էր, որպեսզի մինչ այդ բուկլետների մեջ հնացող տեղեկություններն արագորեն վերածվեն դինամիկ ինտերակտիվ նյութերի ու վերջապես ինչ-որ մեկին պետք գան։

Աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ այժմ ինտերնետում փնտրում են իրենց հետաքրքրող բնույթի հանգստավայրեր ու հանգստի ձևեր՝  հիմնականում ի վերջո պատահաբար իմանալով, որ կա Հայաստան կոչվող փոքրիկ երկիր, որտեղ կան, օրինակ, բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ բազմաթիվ կարմիրգրքային վայրի կենդանիներով, որոնց գուցե նաև ստացվի տեսնել սեփական աչքերով (հեռադիտակով), անձայն դռոնով, եթե Հայաստան այցելելուց առաջ հասցնես նախապես ամրագրել քո այցելությունը տվյալ արգելոցներ կամ ազգային պարկերի արգելոցային գոտիներ։

Պարզապես օնլայն պլատֆորմում ընտրում ես առկա սահմանափակ թվով թույլատրելի այցելություններից մեկը կամ մի քանիսը, վստահ լինելով, որ ոչինչ չի չեղարկվի, վճարում ես կանխավճարն ու սկսում խանդաղատանքով հաշվել օրերդ։ Այս պլատֆորմից տեղեկանում ես նաև Հայաստանի զբոսաշրջության մեջ ներգրավված զանազան գյուղական տատիկ-պապիկների, շնորհալի երիտասարդների, տեղական համարձակ ու հետաքրքիր ստարտափերի ու շատ այլ զբոսաշրջային գրավչությունների մասին, որոնք բոլորը հակիրճ նկարագրություններով ներկայացված են պլատֆորմի ինտերակտիվ քարտեզների շերտերում։

Պատմամշակութային հուշարձանների մասին էլ ոչ ոք չի մոռացել 2027-ին, դեռ ավելին, կարող ես նախապես որոշել, թե դու ո՞ր օրն ու ի՞նչ ժամի ես ուզում այցելել տվյալ ֆիզիկապես գոյություն ունեցող կամ վաղուց քանդված հուշարձանը (այս վերջինն արդեն AR/VR տարբերակով)՝ ելնելով քո ընտրած ժամանակահատվածում տվյալ վայրում այցելուների հնարավոր քանակից, որի մասին համակարգում անընդհատ թարմացվող ճշգրիտ տվյալներ կան, ներառյալ՝ վիրտուալ այցելուները, պատմական դեմքերը և այլն։ Կարող ես, փաստորեն, ընտրել, թե  մոտավորապես ի՞նչ քանակի այցելուների ներկայություն կհանդուրժես, կօգտվե՞ս արդյոք բազմաթիվ օնլայն կամ օֆլայն ուղեկցորդներից որևէ մեկի ծառայությունից, թե՞ ոչ, և վերջապես՝ գուցե որոշես մի կլորիկ գումարի դիմաց կերպափոխվել Հայաստանի պատմական որևէ դարաշրջանի ինչ-որ քեզ հարազատ կերպարի ու այդպես այցելել տվյալ հուշարձանը՝ գուցե տեղում մասնակցելու ինչ-որ հնադարյան ծեսի։ Վիրտուալ և լրացված իրականության ռեժիմների կիրառմամբ էլ սկսել են այցելուներ հայտնվել այնպիսի վայրերում, որտեղ նախկինում գրեթե երբեք ոչ ոք չէր լինում (օրինակ՝ Ծիծեռնակաբերդի Աստղիկ դիցուհու տաճարի վայրում)։ Սա իր հերթին օգնում է ֆիզիկապես թեթևացնել դեպի վաղուց հայտնի այցելավայրեր մեծ հոսքերը՝ RR-ում (Real Reality) ընդամենը QR կամ նման այլ կոդ պարունակող մի փոքրիկ նշասալիկ զետեղելով։

Տեխնոլոգիական բազում օգտակար նորարարությունների շնորհիվ նաև ավելի վերահսկելի է դարձել պատմամշակութային կամ բնության հուշարձաններ այցելությունների վարձավճարների գանձումը, դրանց մերձակայքում հանգստի կազմակերպումն ու, գուշակեցի՞ք՝ աղբի կառավարումը։ Չծիծաղեք, բայց աղբի որոշ տեսակներ իրենք իրենց «բերանով» հայտնում են տվյալ հուշարձանի պահապաններին, թե ո՞վ է աղբի հեղինակը, իսկ դեռևս որևէ տեսակի ինտելեկտ չունեցող աղբի մուտքն ու ելքը վերահսկվում է ռեկրեացիոն գոտիներում տեղադրված տեսահսկման սարքերի միջոցով։

Չգիտեմ՝ 2027 թվականին մարդիկ դեռևս «Սքայփի» փոխարեն «Զո՞ւմ» են օգտագործում, թե՞ անցել են «Զանգի»-ին, բայց զբոսաշրջային այցելությունների ավելի բարձր մակարդակի օնլայն ամրագրումներն արդեն առօրյայի անբաժան մասն են։ Ահա 2027-ին Եվրոպայից Հայաստան այդպիսի մի օնլայն հարցում-ամրագրման օրինակ.

-Բարև ձեզ, Հայաստանում վայրի բնության գրկում փորձառության ի՞նչ տարբերակներ ունեք։

-Բարև ձեզ, օնլայն պլատֆորմում եղած բազմաթիվ տարբերակներից մեր ընկերությունը նախընտրում է հետևյալ փորձառությունները. «Լուռ թռչնադիտում և թռչնալսում», «Կենդանադիտում», որ կներառի առնվազն 10 տեսակի կենդանիների, «Անձայն էլեկտրահեծանիվներով արշավ դեպի Երջանկահովիտ` Հովազաձորի մոտ կանգառով», «Ձիերով հեծյալ արշավ Խոսրովի անտառի հիմնադրման թեմայով», «Ծառագուշակություն Սոսյաց անտառում», «Արշակունիների գանձերը» վիրտուալ քվեստ, «Էլեկտրաջիփինգ՝ «Ճանապարհ» արահետով», «Ջրվեժամեդիտացիա «Տրանսկովկասյան արահետի» վրա», «Ֆոտո-որս՝ AR/VR/RR (Real Reality) իրականության տեսակների հիբրիդային միախառնումով» և «Անտառային հատապտղահավաք Արջաստանում»։ Եթե հուշեք, թե դուք  ավելի շատ ի՞նչ բնույթի փորձառություն եք նախընտրում, մեզ համար ավելի հեշտ կլինի գտնել այն, ինչը ձեզ առավել հարմար է։

-Շնորհակալություն։ Ես ունեմ մի քանի անհատական հարցում մեզ դիմած այցելուների անունից, բոլորն էլ բավական ինքնատիպ։ Սկսեմ համեմատաբար բարդերից. օրինակ՝ մի նորապսակ զույգ կա, որ խնդրել է իրենց տանել ամբողջովին վայրի տեղում թողնել, որպեսզի մի քանի օր անընդմեջ երկարատև մեդիտացիա անեն։ Կարծում եմ՝ «Ջրվեժամեդիտացիան Տրանսկովկասյան արահետի վրա» նրանց կհետաքրքրի։ Միակ պահանջը` որ  մոտերքում ջուր լինի։

-Իսկ ոչինչ չե՞ն ուտելու։

-Ոչ։

-Շատ լավ։ Ես ձեզ մի հղում կուղարկեմ, որտեղ դուք և նրանք կարող եք ծանոթանալ ոչ միայն նմանատիպ փորձառության կազմակերպման մանրամասներին, այլև պատասխանատվությունից ազատման մեր ձևաթղթին ու, եթե համաձայն եք բովանդակությանը, ստորագրեք այն նախքան ձեր այցը։ Դա մեր պարտադիր պայմանն է։

-Շատ լավ, կսպասեմ։

-Ի դեպ՝ վերը նշված բոլոր փորձառությունները կարող եք փնտրել ինտերակտիվ քարտեզի վրա, տեսնել, թե դրանցից որոնք որ տարածքներում են առկա, ընտրել ու ամրագրել։ Մենք էլ տեղում ամեն ինչ կնախապատրաստենք ձեզ համար։ Մեր առաջարկներից մի քանիսը միայն «Խոսրովի պետական արգելոցում» են հնարավոր, բայց մեծ մասը՝ գրեթե բոլոր ԲՀՊՏ-ներում ու հարակից տարածքներում։ Է՞լ ինչ նախընտրանքներ ունեք։

-Չզարմանաք, բայց նաև երեք «օդակեր» ունենք, որոնց հիմնական ակնկալիքն ու կարիքը որակյալ լռությունն ու միջավայրի մաքրությունն է, տեղաշարժն էլ` բացարձակապես անձայն էլեկտրատրանսպորտով։ Պատկերացնո՞ւմ եք, նրանք ողջ ընթացքում սննդի ու ջրի կարիք չեն ունենալու, բայց որակյալ լռության համար պատրաստ են վճարել 3 անգամ ավելի, քան մյուսները վճարում են լավագույն սննդի համար։

-Իսկապես հետաքրքիր մարդիկ են երևում։ Դա էլ կկազմակերպենք, խնդիր չկա։ «Արփի լիճ» ազգային պարկը հիանալի վայր է նման այցելուների համար։ Այնտեղ ունենք Էկոտներ՝ հնարավոր ամենամաքուր էկոշինանյութերով կառուցված, ինչպես նաև՝ էլեկտրական անձայն օդային տաքսիներ, որոնցից կարող են հենց իրենք ընտրել՝ որ տեսակն ուզեն, այս նույն ամրագրման համակարգով։

-Շատ լավ։ Հաջորդը անհատական տրանսֆորմացիայի նպատակով Հայաստան գալու ցանկություն ունեցող մեր 21-ամյա ուսանողուհին է. նա ուզում է այնպիսի արկածներ ու փորձառություն, որոնք կօգնեն սանձել, ինչպես ինքն է նշել, իր չափից ավելի փքված Էգոն, բալանսավորել սխալ դաստիարակության պատճառով ձեռք բերած քմահաճույքներն ու զարգացնել կամքի ուժը։

-Լավ, ենթադրում եմ, որ այդ ամենը նույնպես վայրի բնության գրկում պիտի կազմակերպվի, այլընտրանք չկա՝ հատկապես այսպիսի ակնկալիքներ ունեցող այցելուների դեպքում։

-Այո, իհարկե։

-Ուրեմն վայրի բնությունից բացի կառաջարկեմ նաև սոցիալական օգնության տարրերով փորձառություն երկու մարզերի սահմանամերձ, ծերացող գյուղերում, այցեր ու օգնություն տեղի ծերերին, թարգմանչի օգնությամբ շփում տեղացի հասակակիցների հետ, որոնք ընդհանրապես զուրկ են ժամանցի վայրեր ու ակումբներ հաճախելու հնարավորությունից, քանի որ դրանք իրենց համայնքներում պարզապես գոյություն չունեն։  Կներառենք նաև գիշերակաց գնդակոծվող գյուղերից մեկի ամենավտանգավոր հատվածում՝ իհարկե վերը նշածս անվտանգության կանոններին ծանոթանալուց և պատասխանատվությունից ազատման թերթիկը ստորագրելուց հետո։ Կլինեն այցեր տեղական մանկատներ, մի քանի օր գիշերակաց հենց մանկատներում, իսկ փորձառության ամենավերջում՝ ձիաթերապիա։

-Հետաքրքիր առաջարկ է, անպայման կդիտարկենք որպես հնարավոր տարբերակ։ Շատ շնորհակալ եմ, կապի մեջ կլինենք։ Ցտեսություն։
-Ես էլ եմ շնորհակալ, կսպասեմ ձեր նորություններին։ Ցտեսություն։

Զանգի ավարտին ավտոմատ բացված պատուհանն առաջարկեց երկուստեք գնահատել զանգը, մեր օնլայն պլատֆորմն էլ անմիջապես հարցման բոլոր հավանական հասցեատերերին ուղարկեց հնարավոր ամրագրումների մասին նախնական տվյալներ։ Այդ ընթացքում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում դեգերող հովազը հասցրեց մթան մեջ աչքերի փայլով տարբերել քարայծին՝ գայլից։  


2020

Հայաստան։ Մեր օրեր։ Բնությունը դեռ չի հասցրել ինքնամաքրվել ոչ վաղ անցյալում տեղական ու միջազգային զբոսաշրջիկների թվի աճի աղբոտ հետևանքներից, բայց արդեն նոր թափով սկսել են աղտոտվել բոլոր այն հայտնի ու անհայտ այցելավայրերը, որոնց տեղը գիտի տեղական «զբոսաշրջիկը», կամ, եթե հանեմ չակերտները՝ քեֆաշրջիկը։ Աղբի խնդիրը, լինելով ամենատեսանելիներից մեկը, շարունակում է մնալ առաջին պլանում՝ ի ցույց դնելով ավելի խորքային քաղաքակրթական խնդիրներ, որոնք, «բարեբախտաբար», ոչ միայն մեր հասարակությանն են բնորոշ։

Հանրային տարածքների հանդեպ յուրաքանչյուր անխնա, անփույթ վերաբերմունքի հիմքում ընկած է այդ տարածքի սխալ ընկալումը մարդկանց՝ հաճախ զարմանալիորեն մեծ խմբերի կողմից։ Խնդրի մյուս կողմն էլ առհասարակ շրջակա միջավայրում իր տեղի ու դերի մասին ժամանակակից մարդու, հատկապես քաղաքաբնակի, խեղված պատկերացումներն են, որոնցից անմիջականորեն բխում են նրա բազմաթիվ վնասակար վարքագծային մոդելները, որոնց բնորոշ է պատասխանատվության բացակայությունը, եթե չկա որևէ սանձող մեխանիզմ։ Մյուս կողմից էլ՝ սեփական մաշկից դուրս ամեն ինչի հանդեպ սպառողական մոտեցման արատավոր մշակույթն ներկայումս վերածվել է արագորեն սեղմվող գլոբալ օղակի, որի մեջ մարդու գոյատևմանն ու զանազան իրական և կեղծ պահանջմունքների բավարարմանը զոհ է գնում մնացած ամեն ինչ, ներառյալ հենց ինքը՝ մարդը։ 


Ի՞նչ անել

Զբոսաշրջության ոլորտը, ինչպես ցույց տվեցին վերջին ամիսների բուռն իրադարձությունները, չի կարող կղզիացած գոյություն ունենալ, իսկ ճիշտ չկառավարվելու դեպքում կարող է միանգամայն լուրջ վնասներ հասցնել թե՛ շրջակա միջավայրին, թե՛ տեղական մշակույթներին, ըստ իս անհրաժեշտ է փոխել այդ ոլորտի հանդեպ մեր մոտեցումներն ու սկսել այն դիտարկել նախևառաջ որպես մարդու լիարժեք/լիաթոք հանգստի, ապաև ինքնազարգացման միջոց, միջավայր։ Իհարկե ոչ բոլորն են տեղյակ, որ կարիք ունեն ինքնազարգացման, մինչդեռ մարդկանց մեծ մասը դեմ չէ լիաթոք հանգստանալ։

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների խնդիրն է՝ լավագույնս կազմակերպել այդ հանգիստը, սակայն արագորեն փոփոխվող աշխարհում արդեն օրեցօր ավելի արդիական է դառնում նաև մարդկանց համար ինքնազարգացման հնարավորություններ ստեղծելը, որակյալ հանգստին զուգահեռ, որպեսզի բոլորով պարբերաբար չհայտնվենք խախտված հավասարակշռության ծուղակում։ Զբոսաշրջության կազմակերպման հնացող կամ հնացած մոտեցումների ու այս նոր մոտեցման միջև սկզբունքային տարբերությունն  այն է, որ մարդն այսուհետ դադարում է լինել լոկ օտար այցելու, բիզնես-հաճախորդ, որի հետ մեզ կապող միակ օղակը փողն է, շփման հիմնական ոճն էլ՝ կիսաշինծու պաշտոնականը։

2027-ի զբոսաշրջիկն արդեն առնվազն ԷԿՈզբոսաշրջիկ է, որի համար ամենևին նույնը չէ, թե ո՞ւր է գնում ձեր գեղեցիկ ու հարմարավետ հյուրատանը կեցության ընթացքում իր իսկ գոյացրած աղբը, ի՞նչ վառելիքով է աշխատում իրեն տեղափոխող մեքենան ու ձիավարության համար իր տված թեյավճարի որքա՞ն տոկոսն է հասնելու ձիուն՝ ասենք, համեղ խոտի կամ հարմարավետ թամբի տեսքով։ Ոմանք միանգամայն խստորեն հարցուփորձ են անում ձեզ, թե արդյոք իրենց մատուցված սննդի որքա՞ն մասն է իսկապես բերվում փոքր ֆերմերային տնտեսություններից՝ այդպիսով օգնելով վերջիններիս գոյատևել ու զարգանալ։ Չզարմանաք, եթե հյուրը որոշի ստուգել ձեր ասածներն ու թռչնադիտման համար իրեն հանձնված հեռադիտակով սկսի թաքուն հետևել ձեր տեղաշարժին: Ձեր հյուրն արդեն այնքան լավ է տեղեկացված արդի բնապահպանական խնդիրներից ու այնքան պատրաստված է ժամանել ձեր հյուրատուն, որ ձեզ մնում է միայն սեփական մշակույթում հնուց ի վեր եղած ու լավ մոռացված բնապահպանական կենսակերպի տարրերի լավ գիտակ լինել, որպեսզի հետո հանգիստ խղճով կարողանաք պարծենալ, որ մի բան էլ այցելուն ձեզանից սովորեց։ Ոչինչ, եթե Ամիրդովլաթ Ամասիացու «Անգիտաց անպետն» ամբողջությամբ չգիտեք, բավական է իմանաք ընդամենը մի քանի դեղատոմս ու ճիշտ ընտրված պահին պատմեք դրանց կիրառության մասին։ Այստեղ մեծապես կօգներ նաև, օրինակ, հազարաշեն տներից բաղկացած փոքրիկ գյուղակի գոյությունը, որտեղ զբոսաշրջիկները կարող էին ապրել այնպես, ինչպես ապրել են մեր նախնիները, զգալ ամեն ինչ իրենց մաշկի վրա ու հետո ամեն անգամ կրակի հոտի հետ հիշել Հայաստանը։

Իհարկե, մեր հոգևոր ու նյութական մշակույթը, մեր պատմական ժառանգությունը եղել են ու կմնան երկրի հիմնական գրավչությունները, սակայն դրանց ավելի ճիշտ մատուցման, գուցե որոշակի թեմատիկ համակարգման ու նպատակային թիրախավորման առումով դեռ հսկայական աշխատանք կա անելու։ Դիցուք՝ մեկն իմացել է Եղեգնաձորի հին կարի ֆաբրիկայի մասին և ուզում է մոտակայքում քայլարշավելուց հետո անպայման այցելել այդ վայրը, մյուսն էլ զբաղվում է հեթանոսական մշակույթի ուսումնասիրությամբ և ուզում է ծանոթանալ մեր պատմության նախաքրիստոնեական շրջանի պահպանված հետքերին։ Արդյոք մենք պատրա՞ստ ենք այս երկուսին ընկալել այն նույն հարթության մեջ, որում այժմ ընկալում ենք Գառնի-Գեղարդ սպառողներին։ Արդյոք պատրա՞ստ ենք զոհել Սևանավանք այցելությունն իր կեղծ լուսնաքարերի ու ագրեսիվ հուշանվերավաճառների հետ մեկտեղ՝ պատուհան թողնելով մոտակայքում գտնվող Յոթնաղբյուր լեռան վերելքի կամ Լճաշենի հնավայրերից մեկում նոր պեղումների մասնակցելու համար, եթե ապագա զբոսաշրջիկն ասի, որ այդպես է գերադասում։ Սա չի նշանակում, թե թերակղզին ու Սևանավանքը կարևոր չեն։ Խնդիրն այն է, թե ինչպե՞ս ենք որոշում, թե ում ո՞ւր է պետք տանել, ի՞նչ է պետք ցույց տալ։ Ձեռքի տակ եղած երկու «Փ»-երին համադրելու խնդիր ունենք. փաթեթներն այսուհետ հնաոճ են լինելու՝ առանց փորձառության։ Հնաոճ ու ոչ այնքան պահանջված։ 

 

1841

1841 թվի այս օրերն էին, երբ այսպես կոչված «փաթեթային հանգստի» ակամա հեղինակ, 19-րդ դարի ամենահաջողակ զբոսաշրջային ընկերության հիմնադիր, բրիտանացի Թոմաս Քուքը հղացավ աղքատ աշխատավորներին գնացքով դեպի մոտակա քաղաքներից մեկը մեկօրյա ճամփորդության տանելու գաղափարը, որի համար նրանք պիտի վճարեին յուրաքանչյուրն ընդամենը 1 շիլինգ (այժմյան փոխարժեքով՝ մոտ 100 դրամ), բայց պիտի վայելեին այնպիսի հանգիստ, որպիսին այդ օրերին հասու էր միայն հարուստներին, և որը, ըստ Քուքի, պիտի դեպի լավը փոխեր մարդկանց ներաշխարհը։ Հանգիստը ներառում էր հատուկ նրանց հետ ժամանած նվագախմբի ելույթներ, պիկնիկ, հետաքրքիր ելույթներ, բացօթյա խաղեր, խմբային պարեր, քրիքեթ խաղի մրցաշար և այլն։ Առաջնային գաղափարն այն էր, որ որակյալ հանգիստը, ներառյալ հետագայում նաև օվկիանոսի այն կողմում, հասանելի լինի աշխատավոր դասին ևս, այլ ոչ թե լոկ վերին խավերի մենաշնորհը լինի։

Տարիների ընթացքում, սակայն, այս գաղափարն անճանաչելիորեն ձևափոխվեց, հիմնականում Քուքի որդու՝ Ջոն Մեյսըն Քուքի թեթև ձեռքով, 1870-ականներից դառնալով եվրոպական ազնվականների ու հնդիկ մահառաջաների ամենասիրված ընկերություններից մեկը, և, այդուհանդերձ, հեռանալով իր առաջնային կոչումից։ Հենց այդ ժամանակ էլ, հավանաբար, սկսվեց զանգվածային զբոսաշրջության դարաշրջանը, որի ավարտը, հնարավոր է, պատմության մեջ ամրագրվի 2020 թվականով։ Կապրենք կտեսնենք։

 

2027

Վենետիկ։ Ծնունդով վենետիկցի երիտասարդ Էլենան, ով տեղի զբոսաշրջային թոհուբոհից ու աղմուկից պարզապես փախել ու վերջին տարիներին ապրում էր Պորտուգալիայի էկոգյուղերում, վերջապես վերադարձել է ծննդավայր ու կարոտած շրջում է Վենետիկի արդեն անհամեմատ ավելի հանգիստ փողոցներով։ Քաղաքի երբեմնի «զբոսաշրջային մեքքա» տիտղոսն աստիճանաբար տարալուծվում է քաղաքային խաղաղ ու մաքրված ջրերում, իսկ հուշանվերների շուկան աստիճանաբար ազատվում է վարակի պես ամենուր հայտնված “Made in China” պիտակից։ «Ադրիատիկի թագուհին» վերստին սիրելի է ոչ միայն օտարերկրյա  այցելուների, այլև ունևոր ու չունևոր տեղաբնակների համար՝ Քովիդ 19-ով փոխված աշխարհում զանգվածային զբոսաշրջության անցանկալի զարգացումների դեմ արված ճիշտ քայլերի շնորհիվ։

 

Հետգրություն թեման շարունակելու նպատակով մարտահրավեր եմ նետում Հայարփի Օհանյանին։


Հեղինակը "Thyme Travel Armenia" զբոսաշրջային ընկերության համահիմնադիրն ու տնօրենն է։


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել