261 միլիոն դրամ՝ փրկարար ծառայության կարիքների համար |hetq.am|
08:00 - 25 հուլիսի, 2019

261 միլիոն դրամ՝ փրկարար ծառայության կարիքների համար |hetq.am|

hetq.am։ Պետական բյուջեից 261 միլիոն դրամ հատկացվեց արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ փրկարար ծառայության բենզինի և դիզելային վառելիքի, շղթայավոր ձեռքի սղոցների, համազգեստների, կենցաղային հատուկ նպատակային նյութերի և վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով:

ԱԻՆ-ը կառավարությանը հայտնել է, որ Հայաստանի տարածքում հունիսի 1-ի դրությամբ հրդեհների կանչերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրկնակի աճել է։ Սա առաջացրել է վառելիքի գերածախս, որի հետևանքով փրկարար ծառայությունը ծախսել է 3-րդ և 4-րդ եռամսյակի համար նախատեսված վառելիքը։

Վառելիքի ծախսի ավելացումը նախարարությունը պայմանավորել է նաև Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված 28 միավոր հրշեջ-փրկարարական մեքենաների շահագործմամբ և հավելել, որ մինչև տարեվերջ Ճապոնիայի կառավարության կողմից հատկացվելու են ևս 22, իսկ Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից` 26 միավոր հրշեջ-փրկարարական տրանսպորտային միջոցներ:

Նախարարության փոխանցմամբ՝ հրշեջ-փրկարար ծառայությանն անհրաժեշտ են նաև պարզագույն հրդեհաշիջման միջոցներ։ Հայտնել է, որ բուսածածկ դժվարամատչելի վայրերի հրդեհների ժամանակ անհնար է կիրառել հրշեջ ավտոբաքեր: «Փրկարար ծառայության հաշվեկշռում ներառված 70 բենզինային սրսկիչներից շահագործման պիտանի են ընդամենը 9-ը»,- նշել է ԱԻՆ-ը։

95 միլիոն դրամ կհատկացվի յուրաքանչյուր հերթափոխին մեկական լրակազմով ապահովելու համար: Ըստ ԱԻՆ-ի մարտական համազգեստով ապահովված է հրշեջ փրկարար ջոկատների երեք հերթափոխներից մեկը, չնայած այն հանգամանքին, որ մարտական համազգեստը հանդիսանում է անհատական օգտագործման գույք, ուստի անհրաժեշտ է 530 լրակազմ մարտական հագուստ։

Հատկացված գումարով կգնվեն նաև բջջային հեռախոսներ։ Պատահարների և այլ դեպքերի վայրում մարտական հաշվարկի կազմի մեջ մտնող ծառայողը բջջային հեռախոսով նկարահանում է իրավիճակը, որն ուղիղ կապով փոխանցվում է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, սակայն, ըստ նախարարության, ծառայությունում առկա բջջային հեռախոսները ոչ միայն չեն բավարարում տեղեկատվական տեխնոլոգիաների ու կապի ոլորտի ներկա պահանջներին, այլև բջջային հեռախոսով նկարահանելու համար առանց այն էլ թերհամալրված մարտական հաշվարկի ծառայողներից մեկը ստիպված է լինում կտրվել արձագանքման խնդիրների իրականացումից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել