Ալիևյան վարչակարգն այսօր ունի «դեմքը փրկելու» խնդիր |lragir.am|
12:20 - 29 հուլիսի, 2020

Ալիևյան վարչակարգն այսօր ունի «դեմքը փրկելու» խնդիր |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։

Ինչպե՞ս եք գնահատում տեսակետը, ըստ որի, եթե հաջողվի հաղթահարել էսկալացիայի այս փուլը եւ վերադառնալ բանակցային գործընթաց, ապա կողմերը ստպված են լինելու բանակցություններ սկսել զրոյից:

Ընդհանրապես, արդեն երկար տարիներ իրադարձությունները զարգանում են մոտավորապես նույն սցենարով։ Տեղի են ունենում հանդիպումներ, քննարկվում են ինչ-որ թեմաներ, որևէ արդյունք չի գրանցվում, հետո տեղի է ունենում սրացում, հետո նորից հանդիպումներ և այդպես շարունակ։

Հայկական կողմը առաջարկում էր մոտեցումներ, որոնք թույլ կտային փոխել այդ դինամիկան և սկսել իրական երկխոսություն։ Ցավոք, Ալիևի վարչակարգի արձագանքն այն էր, ինչ մենք տեսանք, սկզբից Ալիևի ռազմատենչ հայտարարություններ, քննադատություն գործընթացի գրեթե բոլոր մասնակիցների հասցեին, և վերջապես սադրանքներ սահմանին։ Սակայն, այս ամենը, մեղմ ասած, չտվեց այն արդյունքը, որը հավանաբար ակնկալում էր Ալիևի վարչակարգը, այլ տվեց լրիվ հակառակ արդյունք, և նա էլ ավելի բարդ իրավիճակում հայտնվեց։

Այնպես որ, կարծում եմ, վաղ թե ուշ կողմերը վերադառնալու են երկխոսության, իսկ արդյոք դա կանվանենք «սկսել զրոյից» թե ոչ, դա արդեն մեկնաբանության հարց է։ Սակայն, ալիևյան վարչակարգն այսօր ունի «դեմքը փրկելու» խնդիր, հետևաբար, մինչև երկխոսության վերսկսումը չենք կարող բացառել նոր սադրանքներ, լինի դա սահմանում, թե, օրինակ, երրորդ երկրների տարածքում, որտեղ ապրում են հայեր և ադրբեջանցիներ։ Այնպես որ, պետք է զգոն լինենք, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։

Արդյո՞ք իսկապես այդ պահից սկսած ամեն ինչ պետք է սկսել զրոյից:

Եկեք հասկանանք, ինչ է նշանակում բանակցությունները զրոյից սկսել։ Արդյո՞ք 1994 թ-ից մինչև այսօր եղել են ինչ-որ նշանակալի նվաճումներ բանակցային գործընթացում։ Արդյո՞ք այդ գործընթացի շնորհիվ մենք այսօր ավելի մոտ ենք խաղաղ կարգավորմանը, քան անմիջապես 1994 թ․հրադադարից հետո։ Կարծում եմ՝ ոչ։ Ավելին, իմ անձնական գնահատմամբ, այսօր հասարակություններն ավելի հեռու են խաղաղությունից, քան 1994 թ-ին։

Անգամ ռազմական սադրանքները բացառելու առումով բանակցային գործընթացը ևս հաջողություն չի գրանցել, ինչի վկայությունն է ապրիլյան քառօրյա պատերազմը։ Այս տարիների ընթացքում բանակցային գործընթացի միակ նվաճումը եղել է այն, որ տեղի չի ունեցել լայնամասշտաբ պատերազմ, որը համեմատելի կլիներ 1991-1994 թթ․պատերազմի հետ։ Բայց սա բացատրվում է ոչ միայն բանակցային գործընթացի առկայությամբ, այլ ուժերի հարաբերակցությամբ, որն իր հերթին ձևավորվել է հայկական զինված ուժերի և հայկական դիվանագիտության, ինչպես նաև օբյեկտիվ աշխարհաքաղաքական գործոնների շնորհիվ։

Այսինքն, եթե Ադրբեջանը իմանար, որ կարող է ռազմական ճանապարհով հարցը լուծել, անպայման կգնար այդ ուղիով և կհրաժարվեր բանակցություններից։ Այնպես որ կարծում եմ, որ «զրոյից» սկսելու մասին իմաստ կունենար խոսել, եթե բանակցային գործընթացում այս 26 տարվա ընթացքում լինեին ինչ-որ նշանակալի նվաճումներ, բայց այդպիսիք կարծես թե չկան։

Թուրքիան ու Ադրբեջանը առաջիկայում համատեղ զորավարժություններ են անցկացնելու: Ինչպե՞ս եք դա գնահատում եւ ինչ սպասել առհասարակ:

Այս զորավարժությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Թուրքիան ապակայունացնող գործոն է տարածաշրջանում, որը Ադրբեջանին մղում է դեպի պատերազմ։ Այս առումով, նման զորավարժությունները տարբերվում են, օրինակ, պարբերաբար անցկացվող հայ-ռուսական զորավարժություններից, որոնց էֆեկտը տրամագծորեն հակառակն է, քանի որ դրանք օգնում են սառեցնել որոշ տաք գլուխներ Ադրբեջանում, և հետևաբար, օգնում են տարածաշրջանում կայունության պահպանել։

Միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ Թուրքիան կարող է ավելի հեռու գնալ, քանի որ դրա հետևանքները կլինեն անկանխատեսելի թե՛ Թուրքիայի, թե՛ ամբողջ տարածաշրջանի, և գուցե անգամ ամբողջ աշխարհի համար։ Կարծում եմ, այս զորավարժությունների հիմնական նպատակը Ալիևի տատանվող վարչակարգին հոգեբանական աջակցություն ցույց տալն է, որպեսզի վերջին օրերի անհաջողությունների ազդեցությունը մի փոքր մեղմվի։ Մեզ մնում է պահպանել սառնասրտություն, միևնույն ժամանակ, միջազգային հարթակներում ևս մեկ անգամ ընդգծել այս զորավարժությունների սադրիչ և ապակայունացնող բնույթը։

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել