Մարտի մեկի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց |lragir.am|
14:14 - 11 օգոստոսի, 2020

Մարտի մեկի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց |lragir.am|

lragir.am: Մարտի մեկի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի փաստաբանը չէր ներկայացել նիստին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 8-ին։ Մեղադրող կողմը պնդում է, որ դատավարությունն արհեստականորեն ձգձգվում է։

Յուրի Խաչատուրովն առաջարկեց հետաձգել դատական նիստը՝ նշելով, որ տեղյակ չէ, թե ինչու է բացակայում իր փաստաբան Միհրան Պողոսյանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղադասարյանը հայտարարեց, որ Միհրան Պողոսյանի բացակայություն անհարգելի է։

«Ինձ համար գոնե ակնհայտ է, որ սա դատական նիստը ձգձգելուն ուղղված վարքագծի շարունակություն է։ Ոչ մի հանկարծակի խնդիր էլ չի առաջացել, սա պլանավորված վարքագիծ է»,- ասաց դատախազը։

Արմեն Գևրոգյանն էլ հայտարարեց, որ իր պաշտպան Էրիկ Ալեքսանյանը արձակուրդ է գնում։

«Ամեն ոք Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքով կայացնում է իր որոշումը։ Այս դահլիճում նստած ամեն ոք իրավունք ունի արձակուրդ գնալու կամ չգնալու։ Ի՞նչ  է նշանակում՝ միտումնավոր են գնում»,- ասաց Գևորգյանը։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմը կուլիսներում նախաձեռնում է նիստերը հետաձգելու գործողություններ, ինչի հետևանքով պարբերաբար նմանօրինակ դեպքեր են արձանագրվելու։

«Եվ ես կարծում եմ՝ աննպատակ չեն այս հետաձգումները, այս հետաձգումների արդյունքները մենք հետո առիթ կունենանք տեսնելու։ Եվ կտեսնենք, որ այս հետաձգումները կապված են նաև որոշակի նշանակումների, որոշակի փոփոխությունների ու հանգամանքների հետ»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Ըստ նրա՝ այս տեմպերով դեռ մեկ տարի էլ դատական նիստերը կհետաձգվեն, և գործի ըստ էության քննություն չի լինի։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան արամ Վարդևանյանը լրագրողներին ասաց, որ հենց պաշտպանական կողմն է արձակուրդի ցանկություն ներկայացնում, ըմբոստություն է նկատվում։

«Բայց երբ մենք ունեինք իրավիճակ, որ նույն դեկտեմբեր ամսին 4 դատական նիստ չունեցանք, որևէ մտահոգություն դա ոչ մեկի մոտ չէր առաջացնում»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել