Ուսումնասիրվելու են մարտի 1-ի գործով դատավճիռները․ խոսքը 37 դատավորների մասին է. Արմեն Խաչատրյան |lragir.am|
10:14 - 23 օգոստոսի, 2020

Ուսումնասիրվելու են մարտի 1-ի գործով դատավճիռները․ խոսքը 37 դատավորների մասին է. Արմեն Խաչատրյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ:

Պարոն Խաչատրյան, Դուք և ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սկսել եք մի գործընթաց, որի շրջանակներում ուսումնասիրելու եք գործող դատավորների՝ «Մարտի 1»-ի գործերով նախկինում կայացրած դատավճիռները և չեք բացառում, որ դրանց արդյունքում կարող են նաև իրավական գործընթացներ սկսվել: Ինչո՞ւ որոշեցիք այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ:

Նոր չէ, որ ինձ մոտ ցանկություն կա «Մարտի 1»-ով արդարադատություն կատարած դատական համակարգի ներկայացուցիչներին պատժելու, քրեական պատասխանատվության ենթարկելու: Այդ ցանկությունն առաջացել է հենց այդ ժամանակ, անարդար վճիռներ կայացնելու ընթացքում: Ակնհայտ է, որ արդարադատության դեմ այդ ծավալի հանցագործություն կատարած անձինք, որոնք միասնական, դիտավորությամբ, մեկ կենտրոնից ուղղորդված իրենց գործունեությունն են իրականացրել, մի օր անպայման պետք է կանգնեին արդարադատության առջև: Ես ուզում եմ նորից շեշտել նախկինում հայտնած այն միտքը, որ 2008 թվականին իշխանությունը կամ սահմանադրական կարգը տապալած խումբը զուգահեռաբար թաղեց նաև հայկական արդարադատությունը: Կարող ենք ասել, որ դատական իշխանությունն այնքան էլ անկախ չէր կամ մինչ այդ էլ քաղաքական պատվերներ է կատարել: Շատ հետ չեմ գնա, բայց առնվազն Աշոտ Բլեյանի գործից սկսած մեր հայկական  դատարաններում քննվել են քաղաքական գործեր, բայց որ դատական համակարգն ամբողջությամբ թաղվեր այդ ծավալի գործի տակ, այդպիսի բան երևի աշխարհում էլ հազվադեպ է եղել: Գուցե կարողանանք համեմատել խորհրդային ստալինյան տարիների հետ, երբ ամբողջ դատական համակարգը կատարում էր նույն պատվերը: Բնականաբար, իշխանափոխությունից հետո առաջին պատեհության դեպքում պետք է բարձրացվեր այդ հարցը:

Այսինքն` իշխանությունը դա չարեց և դուք որոշեցիք նախաձեռնել այսպես կոչված վեթինգի գործընթացը:

Ոչ թե չարեց, այլ կարծում եմ, որ դա առաջին գործերից մեկը պետք է լիներ: Օրերս Ֆեյսբուքը հիշեցրեց 2018-ի օգոստոսին վարչապետի ելույթը Հանրապետության հրապարակում, որ որևէ մարդասպան անպատիժ չի մնալու, որևէ դատավոր, որ կայացրել է անարդար վճիռ, անպատիժ չի մնալու: Ես կարծում եմ, որ իսկապես իշխանության գլխավոր խնդիրներից մեկը պետք է լիներ դատական համակարգը մաքրել գոնե մարտիմեկյան գործերով վճիռ կայացրած դատավորներից, նաև Արամի փողոցի, Բուզանդի փողոցի բնակիչների գործերով վճիռ կայացրած դատավորներից: Բայց մի պահ եկավ հասավ, որ մենք հասկացանք, որ ոչ միայն այս դատավորները չեն ենթարկվում պատասխանատվության կամ գոնե առնվազն համակարգից չեն հեռացվում, նաև նրանց հնարավորություն է տրվում իրենց նոր գործունեությամբ աչքի ընկնելու: Բնականաբար, ինձ համար անընդունելի է, որ Մնացական Մարտիրոսյանը այսօր դեռ քննում է հնչեղ գործ:

Իշխանությունն անընդհատ հայտարարում է, որ չի հրաժարվել վեթինգից, այդ ամենի համար ժամանակ է պետք և այլն: Կարծում եք՝ 2,5 տարին բավարա՞ր էր վեթինգ իրականացնելու համար, եթե լիներ այդ կամքը: Ռուստամ Բադասյանը նախօրեին ասաց, որ որևէ երկրում հեղափոխություններից հետո արագ տեղի չեն ունենում այդ գործընթացները:

Ռուստամ Բադասյանը ճիշտ չի ասում, և ես կարծում եմ, որ ոչ թե 2,5 տարի, այլ 2,5 ամիսն էր բավարար, որպեսզի դատական համակարգում փոփոխություններ զգացվեին: Մենք չենք խոսում մասնագիտական ցածր որակավորման մասին, որ թողնենք բնական աճ տեղի ունենա: Աշխարհի բազմաթիվ երկրներում եղել են դատական բարեփոխումներ: Եթե չգիտեն, թող հարցնեն, կասենք, որ Հայաստանում  1995-1996-ին դատական բարեփոխումներ են եղել և ամբողջ դատական համակարգը վերանշանակվել է: Հին ժողդատավորներից նշանակվել է փոքր մասը, մնացածը եղել են նորերը: Մենք հիմա դա չենք տեսնում: Եթե մենք 2,5 տարի հետո տեսնեինք, որ նախապատրաստվում են այդ բարեփոխումները, այդ փոփոխությունները, միգուցե սպասեինք դրան, որ 3,5 տարի ի վերջո դրանք կայանային, բայց 2,5 տարում զրո քայլ է արվել: Եթե իրենք համարում են, որ դրա համար 5 տարի է պետք, մենք այսօր նորից այդ 5 տարվա ակնկալիքով պետք է սպասենք, որովհետև անցած 2,5 տարում որևէ բան չի արվել:

Ավելին կարդացեք Lragir.am-ում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել