Ռազմաքաղաքական առումով Հայաստանը և Արցախը վաղուց արդեն դե ֆակտո միասնական տարածք են և միշտ էլ այդպես է եղել. Միքայել Զոլյան |lragir.am|
15:23 - 05 սեպտեմբերի, 2020

Ռազմաքաղաքական առումով Հայաստանը և Արցախը վաղուց արդեն դե ֆակտո միասնական տարածք են և միշտ էլ այդպես է եղել. Միքայել Զոլյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։

 Պարոն Զոլյան, օրերս Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն իր հարցազրույցում կարևորել է Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու անհրաժեշտությունը: Մենք հիշում ենք, որ ապրիլյան պատերազմից հետո նախկին իշխանության ներկայացուցիչները խոսում էին դրա մասին, սակայն հետո այդպես էլ կյանքի չկոչվեց: Հիմա Մայիլյանը նշել է, որ հիմա քննարկում են նման դաշինք կնքելու հարցը: Որքանո՞վ են դրանք հնարավոր կլինի կյանքի կոչել:

Նախ ուզում եմ ասել, որ ռազմաքաղաքական առումով Հայաստանը և Արցախը վաղուց արդեն դե ֆակտո միասնական տարածք են և միշտ էլ այդպես է եղել և  միշտ էլ այդպես կլինի: Եթե մենք խոսում ենք իրերի իրական վիճակի մասին, ապա իհարկե, այդ դաշինքը վաղուց գոյություն ունի: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք պետք է այդ իրականությունը ամրագրել ինչ-որ փաստաթղթի ձևով, թե ոչ, սա արդեն դիվանագիտական խնդիր է: Ժամանակ առ ժամանակ այս թեման կարող է արծարծվել, երբ նպատակահարմար է:

Մեկ այլ պահի կարող ենք, օրինակ, մի կողմ դնել: Ամեն դեպքում սա, իհարկե, օրակարգի մի մաս է, բայց նաև որևէ շտապողականություն չպետք է դրսևորել: Պետք է նայել մեր նպատակահարմարությանը, պետք է նայենք նրան, թե ինչպիսի արդյունքներ կտա կամ չի տա ցանկացած քայլ՝ կապված ձեր հիշատակած թեմայի հետ և ըստ դրա գործենք: Կարող է այնպիսի իրավիճակ լիներ, որ, այո, պետք լինի ավելի հստակ քայլեր ձեռնարկել, կարող է լինել իրավիճակ, որ այն իրեր դրությունը, որն այսօր կա, բավականին համապատասխանում է մեր շահերին և կարիք չկա լրացուցիչ քայլեր անելու: Ամեն դեպքում, ինչպես ասացի, ռազմաքաղաքական առումով  Հայաստանն ու Արցախը առանց որևէ կասկածի միասնական տարածք են և բոլորը դրա մասին գիտեն՝ թե Հայաստանում ու Արցախում, թե դրսում:

Մայիլյանը խոսել է նաև Մադրիդյան սկզբունքների մասին՝ նշելով, որ հիմա այլևս դրանք չեն քննարկվում: Ինչի՞ շուրջ պետք է լինեն հանդիպումներն ու քննարկումները Ադրբեջանի հետ, եթե սեղանին չկա ոչ Լավրովի պլանը, ոչ էլ Մադրիդյան սկզբունքները:

Միշտ էլ քննարկելու բան կա, և հայկական կողմերը շատ հստակ ասել են՝ որպեսզի հնարավոր լինի ցանկացած կառուցողական քննարկում, առաջին հերթին պետք է լինի կառուցողական մթնոլորտ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ լինեն վստահության ամրապնդման միջոցներ, միջադեպերի հետաքննության մեխանիզմներ և այլն:

Սրա շուրջ միշտ էլ կարող ենք զրուցել: Մյուս կողմից այս գործընթացի ցանկացած մասնակից, լինեն հակամարտության կողմերը, լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նրանք միշտ էլ կարող են առաջարկներ անել: Այսինքն որևէ սահմանափակում այս առումով չկա: Միշտ էլ կարող են ինչ-որ առաջարկ ներկայացնել, և դա կքննարկվի:

Ինչ վերաբերում է բուն մադրիդյան սկզբունքներին, որոշակի հարցադրումներ էին արվել, թե ի վերջո ինչպե՞ս են կողմերը հասկանում այդ սկզբունքները, և ըստ էության, այդ հարցադրումների շուրջ դեռ խոսելու բան կա, որովհետև դեռևս հստակություն չի մտցվել դրա մեջ: Հետևաբար, նաև այդ ուղղությամբ կարելի է քննարկել ցանկացած փաստաթուղթ: Բայց որպես կարգավորման համար հիմք, այսօր որևէ ընդունված փաստաթուղթ գոյություն չունի:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել