Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող Հհայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի հետ:
Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Մնացականյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու հայ-եգիպտական համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման շուրջ։ Որպես համագործակցության գերակա ուղղություններ` զրուցակիցներն առանձնացրել են ՏՏ, էլեկտրոնային կառավարման, դեղագործության, զբոսաշրջության և գիտակրթական ոլորտները:
Հայաստանի ԱԳ նախարարը և Եգիպտոսի նախագահը բարձր են գնահատել ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները՝ արժևորելով եգիպտահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում: Մնացականյանը արժևորել է Եգիպտոսի պատմական դերը և ներկայիս փորձառությունը կրոնական բազմազանության և համերաշխության պահպանման ու ամրապնդման գործում:
Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հարցերի լայն շրջանակ։ Այս առնչությամբ Հայաստանի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում անկայունություն արտահանելու փորձերի առնչությամբ՝ այդ համատեքստում կարևորելով խաղաղության և անվտանգության պահպանմանը միտված միջազգային համագործակցությունը:
comment.count (0)