ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության․ Նիկոլ Փաշինյան
17:13 - 18 նոյեմբերի, 2020

ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի խորհրդարանում սկսվել է ԱԺ-կառավարության անդամներ հարց ու պատասխանը։ Նիստին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ներկայացուցիչներին հարց տալու համար հերթագրվել է 7 պատգամավոր։

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս իր նշած ճանապարհային քարտեզի աշխատանքները կատարելուց հետո արտահերթ ընտրությունների պատրաստվո՞ւմ է, կառավարության կազմի փոփոխություններ լինելո՞ւ են, արդյոք իրենց քաղաքական թիմն ունի՞ անհրաժեշտ վստահության պաշար՝ իրականացնելու Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված փոփոխությունները։

Փաշինյանը, պատասխանելով Բաբաջանյանի հարցին, նշեց, որ հրապարակած ճանապարհային քարտեզում այս պահին ավելացնելու ոչինչ չունի։ Նա շեշտեց, որ, ինչպես գրել է, իրենց համար կարեւոր առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունն ու անվտանգությունը, երաշխավորությունը, որ իշխանություն ձեւավորելու՝ ժողովրդի հնարավորությանը եւ իրավունքին ոչինչ չի սպառնում։
Երկրորդ ուղղությունը, ինչպես ասաց վարչապետը, պատերազմի հետեւանքների վերացումն է, եւ վեց ամիս անց՝ 2021-ի հունիսին, կամփոփեն կատարված աշխատանքներն ու ըստ այդմ կորոշեն հետագա անելիքները․

«Ինչպես նախկինում եմ ասել՝ առնվազն ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության։ Մենք այսօր կենտրոնացած ենք այդ աշխատանքի վրա։ Ինչ վերաբերում է կառավարության կազմի փոփոխություններին՝ հիմա քննարկումների շրջան է, այդ որոշումները կհրապարակվեն, երբ կայացվեն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին կառավարության կառուցվածքի փոփոխություն չի քննարկվում։

Բաբաջանյանը հարցրեց նաեւ՝ արդյոք պատկերացնո՞ւմ են ազգային համաձայնության կառավարության ստեղծում, որը, ըստ նրա, եւս կարող է երկրում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում գտնելու ճանապարհներից մեկը լինել։

«Ընդհանուր առմամբ շատ ավելի կարեւոր է ազգային համաձայնության մթնոլորտը, որովհետեւ միշտ չէ, որ կառավարությունների ձեւավորմամբ համաձայնության վերնագրի ներքո ձեւավորվում է համաձայնության մթնոլորտ։ Մեր խնդիրն է հիմա՝ ձեւավորել համաձայնության մթնոլորտ, եւ, կարծում եմ, այդ մթնոլորտի պահանջը կա երկու կետերի շուրջ՝ կայունություն եւ անվտանգություն»,- պատասխանեց վարչապետը՝ շեշտելով, որ իրենք վերջիններն ապահովելու համար ունեն բավարար ներուժ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել