ՊՎԾ-ում առանցքային փոփոխություններ են սպասվում, մոտ 10 աշխատակից է ազատվել․ Տիգրան Ուլիխանյան
 |armtimes.com|
23:05 - 02 դեկտեմբերի, 2020

ՊՎԾ-ում առանցքային փոփոխություններ են սպասվում, մոտ 10 աշխատակից է ազատվել․ Տիգրան Ուլիխանյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում շատ մեծ՝ առանցքային փոփոխություններ են սպասվում։ Կարելի է ասել, որ ծառայությունը վերափոխվելու է։ Երեկ ՀԺ-ի հետ զրույցում հայտարարեց ՊՎԾ ղեկավարի տեղակալ/ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Ուլիխանյանը։

Պատերազմի թեժ շրջանում՝ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ուլիխանյանը նշանակվեց այդ պաշտոնում։ Նա ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրել էր նաեւ հեղափոխությունից հետո՝ մինչ 2018 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Դրանից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր։

Տիգրան Ուլիխանյանի հետ զրուցը ծառայությունում իրականացվող աշխատանքների մասին։

- Պարո՛ն Ուլիխանյան, այս ընթացքում ի՞նչ եք հասցրել անել։

- Ղեկավարի պարտականություններն եմ կատարել, որը սահմանված է օրենքով։ Մանրամասները, թե ինչ ուսումնասիրություններ ենք իրականացրել եւ ինչ ենք այս պահին իրականացնում՝ նպատակահարմար չեմ գտնում բարձրաձայնել, որովհետեւ ռիսկ կա, որ դա կարող է նվազեցնել արդյունավետությունը։

- Կա՞ն արդեն պետական մարմիններ, որտեղ հասցրել եք այս ընթացքում ուսումնասիրություն իրականացնել եւ ավարտել։

- Ուսումնասիրությունները շարունակվում են տարբեր տեղերում։ Արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը իմ պարտականությունների մեջ է մտնում՝ զեկուցել վարչապետին, հետո, ըստ անհրաժեշտության այդ թվում նաեւ նրա հանձնարարությամբ՝ դրանք կա՛մ կհրապարակվեն, կա՛մ ոչ։

- Այս օրերին պետական գնումները սովորականից շատացել են՝ հաշվի առնելով, որ լրացուցիչ կարիքներ են ավելացել։ Նախատեսվա՞ծ է ուսումնասիրել այդ գնումների մանրամասները։

- Պետական գնումների համակարգը մեզ մոտ ուսումնասիրվում է ոչ միայն ըստ հանձնարարականների, այլեւ այն դրված է մշտադիտարկման տակ։ Դա նշանակում է, որ ամենօրյա ուսումնասիրություններ են կատարվում, դրանց վերաբերյալ արձագանքներ են լինում, մենք նամակագրական կապ ենք պահպանում պետական հիմնարկների հետ եւ ուսումնասիրության տարբեր արդյունքներ ունենք։

- Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարի զգալի մասը՝ 100 մլն դոլարից մի փոքր ավելի փոխանցվել է ՀՀ Կառավարությանը՝ դարձյալ գնումների համար, ինչը որոշակի քննարկման առիթ էր դարձել։ Բացի ներկայացվող հաշվետվություններից՝ արդյո՞ք ՊՎԾ-ն եւս պատրաստվում է ստուգել այդ ծախսերը։

- Հարցն այն է, որ դրա մասին բարձրաձայն խոսելը կամ հայտարարելը, թե պատրաստվում ենք այսինչ տեղը ուսումնասիրություն իրականացնել կամ չենք պատրաստվում՝ 2 դեպքում էլ կարող է բացասաբար ազդել իրականացվելիք ուսումնասիրության վրա։ Դրա համար ես ընդհանրապես մեր գործողությունների պլանը կամ վաղը-մյուս օրը իրականացվելիք աշխատանքների մասին հակված չեմ բարձրաձայնել։

- Սովորաբար կառույցներում ղեկավարի փոփոխությունից հետո կադրային ջարդ է լինում, դուք կադրային փոփոխություններ արդեն կատարե՞լ եք։

- Ես ընդհանրապես այդպիսի արտահայտություններ օգտագործելուց զերծ եմ մնացել։ Գնահատողական հարց է, թե ով ինչն է համարում կադրային ջարդ։ Ես կարող եմ այսպես ասել՝ կադրային փոփոխություններ եղել են, այդ թվում նաեւ այն պաշտոնյաների, որոնք ուղղակի նշանակովի են եւ ղեկավարի փոփոխության հետ ենթադրելի է, որ նրանք էլ կփոփոխվեն։ Եղել են պաշտոնյաներ, որոնք ազատվել են աշխատանքից իմ փոփոխության հետ կապված, եղել են պաշտոնյաներ որոնք նոր են նշանակվել։ Կարելի է գնահատել, որ ծառայությունը վերափոխվելու է։

- Ձեր նշանակումից հետո թվային տվյալ կասե՞ք, թե քանի աշխատակից է ազատվել։

- Երեւի մինչեւ 10 աշխատակից։ Բայց փոփոխություններ դեռեւս սպասվում են եւ շատ։

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել