Անի Սամսոնյանն ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների հարցով դիմել է ՀՀ ոստիկանության պետին |armenpress.am|
12:15 - 12 դեկտեմբերի, 2020

Անի Սամսոնյանն ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների հարցով դիմել է ՀՀ ոստիկանության պետին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խաղաղ հավաքների և անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների հարցով ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին գրավոր դիմում է ներկայացրել:

Նշվում է, որ նոյեմբերի 10-ից Երևան մայրաքաղաքում և ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր, անհնազանդության ակցիաներ, երթեր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության և նրա հետագա պաշտոնավարման դեմ դժգոհություն արտահայտող տարաբնույթ հավաքներ։

«Մշտադիտարկման ենթարկելով ոստիկանության աշխատանքը քաղաքացիների խաղաղ հավաքների իրացման իրավունքի անվտանգ ապահովման ուղղությամբ՝ արձանագրում ենք, որ ոստիկանների գործողությունները օրեցօր ավելի ագրեսիվ բնույթ են կրում։ Մասնավորապես, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևալ խախտումների վրա:  Արձանագրում ենք բողոքի ակցիայի մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելու դեպքեր, որը նպատակ ունի խոչընդոտելու խաղաղ հավաքների ազատության իրավունքին։

Այս պրակտիկան ընդունելի չէ և պետք է բացառվի։ Ոստիկանները բերման ենթարկվածների նկատմամբ գործադրում է ոչ համաչափ ֆիզիկական ուժ․ այն կիրառվում է թե՛ տղամարդ և թե՛ կին ցուցարարների նկատմամբ։ Ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ոչ իրավաչափ վերաբերմունքը փաստում են ոչ միայն ականատեսների վկայությունները, այլև բազմաթիվ տեսագրված մեդիահրապարակումներ։ Ոստիկանները հավաքի մասնակիցներին բերման ենթարկելիս չեն ներկայացնում դրա իրավական հիմքերը։

Ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի իմանալ, թե ինչու են նրան ձերբակալում կամ բերման ենթարկում։ Ոստիկանները բերման են ենթարկում հասարակական կարգը չխախտող մարդկանց առանց հիմքերի։ Ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, սակայն մինչև բերման ենթարկելը չեն հնչեցնում որևէ օրինական պահանջ։ Արձանագրել ենք ոստիկաննների կողմից լրագրողների գործունեության խոչընդոտում և բռնության ենթարկում։

Լրագրողների անխոչընդոտ աշխատանքը երաշխավորված է և դրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է։

Դեկտեմբերի 11-ին ՃՈ-ն երթևեկելի հատվածում կանգնեցրել է մոտոցիկլետներով երթի մասնակիցներին Հանրապետության Հրապարակի երթևեկելի հատվածում, մասնակիցներին բերման ենթարկել, վերջիններիս տրանսպորտային միջոցը տեղափոխել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք՝ պատճառաբանելով, որ դրանք կանգնեցվել են արգելված տեղում։

Ստացվում է ՃՈ գործողությունների հետևանքը ծառայել է որպես հիմք երթի մասնակիցների տրանսպորտային միջոցները Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու համար։ Առկա է տեսանյութ, որը փաստում է ոստիկանության ծառայողի կողմից մեքենայի վարորդին ցուցարաների ուղղությամբ մեքենան վարելու կոչեր հնչեցնելու, նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու դիտավորության մասին։  Ականատես ցուցարարները ահազանգում են, որ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս նրանց դիտավորությամբ հարվածներ են հասցնում, որը կարող է դիտարկվել որպես ֆիզիկական բռնության գործադրում։

Հարկ եմ համարում հիշեցնել, որ խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանի գործը մարդու բողոքի ձայնը լռեցնելը չէ, այլ նրա անվտանգության ապահովումն է, կյանքի և առողջության պաշտպանությունը։ Հաշվի առնելով վերոգրյալ արձանագրումները` առաջարկում եմ վերանայել ոստիկանության գործելաոճը և ոստիկանության ծառայողների կողմից կատարված ոչ իրավաչափ բոլոր գործողությունների մասով իրականացնել ծառայողական քննություն, իսկ հանցակազմի առերևույթ հատկանիշներ պարունակող արարքների մասով իրականացնել քննչական գործողություններ»,-ասված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության տրամադրած հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել