Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի. ԱԱԾ
10:00 - 17 հունվարի, 2021

Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հիշյալ հրապարակման հիման վրա օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր և կրկին անգամ հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր, որ Միրզոյանը 2005 թվականից հանդիսանում է Թուրքիայի հատուկ գործակալ, հետո դարձել է ՀՀ ԱԱԾ կրկնակի գործակալ։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցնդաբանություն է որակել Միքայել Մինասյանի մեղադրանքները` շեշտելով, որ դրանք պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել