armtimes.com։ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Նիստին ամբաստանյալներից ներկայացել էր միայն Փանոսյանը:
Նիստի մեկնարկից առաջ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը, քանի որ Հրայր Թովասյանը Սահմանադրական դատարանում նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստ է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նեկայացված միջնորդության վերաբերյալ լսեց կողմերի կարծիքները:
Մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը նկատեց, որ նման միջնորդություն արդեն 3-րդ անգամ է ներկայացվում: Ըստ նրա՝ ամբաստանյալի աշխատանքով պայմանավորված նիստերի անհարկի հետաձգումը թույլ չի տա, որ գործը քննվի ողջամիտ ժամկետում: Նշեց նաև, որ նիստերի օրը և ժամը հարմարեցված է եղել Հրայր Թովմասյանի հետ:
Պաշտպան Միհրան Պողոսյանը հիշեցրեց, խոսքը Սահմանադրական դատարանի դատավորի մասին է, ինչի վերաբերյալ օրենքի կարգավարական նորմեր են գործում. «Կարող եք դիմել Սահմանադրական դատարանի ՁԵՐ նախագահին և ասել, որ նիստերը նշանակի այնպես, որ չխանգարի այս նիստերին»,- ասաց պաշտպան Պողոսյանը:
Դատախազ Մարգարյանը նկատեց. «Դատախազությունը նման լիազորություն չունի»:
Դատարանը, իդեմս նախագահող Տաթևիկ Գրիգորյանի, որոշեց հարգելի համարել Թովմասյանի բացակայությունը և նիստը հետաձգեց:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 8-ին:
comment.count (0)