ԲՀԿ-ն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում |armenpress.am|
12:04 - 04 փետրվարի, 2021

ԲՀԿ-ն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է պետական դավաճանության, լրտեսության, թշնամու կողմը անցնելու, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու համար սահմանված պատժաչափերը խստացնել: ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի և Իվետա Տոնոյանի հեղինակած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց Վահե Էնֆիաջյանը:

Նա նշեց, որ նախաձեռնությունը վերաբերում է պետական դավաճանություն և լրտեսություն իրականացրած անձանց համար սահմանված պատժաչափերի խստացմանը: Պատգամավորը սկզբում առաջարկեց. «Քրեական օրենսգրքի՝ պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետ, մենք առաջարկում ենք այն փոխարինել 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ»:

Էնֆիաջյանի խոսքով՝ հատկապես վերջին ժամանակահատվածի զարգացումներին հետևելով՝ իրենք նկատել են՝ տարբեր հարթակներով հայտարարություններ են տարածվում, թե տեղի են ունեցել դավաճանության դեպքեր: «Այս խնդրի հետ կապված ուսումնասիրություններ ենք իրականացրել, նաև գրություններ եմ ուղարկել, ինձ համար կարևոր է եղել ԵՊՀ-ի իրավաբանների կարծիքը, Փաստաբանների պալատի անդամների կարծիքը, ԳԱԱ-ի կարծիքը, լայնածավալ աշխատանք է իրականացվել»,-ասաց Էնֆիաջյանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց՝ իր կարծիքով ևս այս հանցանքի պարագայում պետք է նախատեսված լինի ցմահ ազատազրկում:

Սակայն հանձնաժողովը քննարկումներից հետո  առաջարկեց, որ պետական դավաճանության պարագայում նախատեսվի 15-20 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ՝ ցմահ ազատազրկում: Հանձնաժողովն առաջարկել է նաև լրտեսության մասով պատժաչափի ստորին շեմը 15-ից իջեցնել 12 տարի:

Էնֆիաջյանի համար առաջարկներն ընդունել էին: Լրամշակված նախագիծը քվեարկությամբ միաձայն ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի լիագումար նիստերի օրակարգում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել