Մենք առաջին իսկ օրից հայտարարել ենք, որ պահանաջում ենք արտահերթ ընտրություններ, քանի որ ինքներդ էլ տեսնում եք, որ այս խորհրդարանը ունակ չէ արձագանքել այսօրվա քաղաքական իրադարձություններին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Հիմա ուզում եմ հասկանալ` էլ ինչ է պետք գրել հուշագրում, որպեսզի «Իմ քայլը» խմբակցությունը գնա այդ քայլին, իսկ վարչապետը հարաժարական տա, որպեսզի Ազգային ժողովը լուծարվի»,- հավելեց պատգամավորը։
Իր խոսքում Սիմոնյանն ընգծեց որ միայն հուշագիր ստորագրելը բավարար չէ, պետք է հասկանալ թե այնտեղ ինչ է գրվելու։
Նրա խոսքով՝ եթե այնտեղ պետք է գրվի, որ ԼՀԿ-ն համաձայն է այս Ազգային ժողովի լուծարմանը, ապա այո՛, խմբակցությունը համաձայն է։
Սիմոնյանը կրկին հիշեցրեց, որ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ իրենք պատրաստ են վարչապետի թեկնածու չառաջադրել, միայն թե առաջնահերթությունը Ազգային ժողովի լուծարումն է։
Լրագրողների այն դիտարկմանը, թե ԼՀԿ ղեկավարը ասաց, որ պատրաստ է հուշագիր ստորագրել, եթե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին չհեռացնեն զբաղեցրած պաշտոնից, իսկ ԳՇ պետի տեղակալ Տիրանի Խաչատրյանին հետ բերեն իր պաշտոնին, սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը անընդունելի էր համարել Մարուքյանը հայտարարությունը՝ նշելով, որ չի կարելի նախապայմաններով խոսելը։ Հարցին, թե արդյո՞ք «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստ է առանց պայմանի ստորագրել հուշագիր, որպեսզի այս լարվածությունը մեղմվի, Սիմոնյանը պատասխանեց․ «Ես անձամբ, մեկը մյուսի հետ չեմ ուզում կապել, ԳՇ պետին և 40 բարձարստիճան զինվորական սպայակազմին գործից հանելը այլ գործընթաց է, մեր պետության հիմքերը խարխլող գործընթաց է, և եթե վարչապետը շարունակի իր պնդումը, ու այդ անձիք դուրս գան աշխատանքից, մեր բանակը կգլխատվի։ Սա չի կարելի թույլ տալ, սրա հետ կապված իրավական գործընթաց կա, հույս ունեմ, որ նախագահն էլ կդիմի Սահմանադրական դատարան, որպեսզի ՍԴ-ն իր եզրակացությունը տա։ Բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք գնալ Ազգային ժողովի լուծարման գործընթացին, մենք ասել ենք, որ չենք առաջադրի վարչապետի թեկնածու, եթե պետք լինի կարող ենք նաև դա գրել թղթի վրա»։
Այն հարցին, թե արդյո՞ք պատրաստ են գնալ քաղաքական քննարկումների, պատգամավորը պատասխանեց, որ օրեր առաջ իրենք հրավիրել էին ԱԺ խորհրդի նիստ, որպեսզի խորհրդարանում անցկացվեն խորհրդակցություններ, սակայն «Իմ քայլը» խմբակության պատգամավորները չեն եկել նիստին, ինչի արդյունքում այն տեղի չի ունեցել։ Սիմոնյանի խոսքով՝ իրենք սպասում են, որ իշխող խմբակցությունը դիմի իրենց՝ խորհրդակցություններ, քննարկումներ իրականացնելու համար։
«Խմբակցությունը պատրաստ է իրենից կախված ամեն քայլ անել, որպեսզի այդ խորհրդարանը օր առաջ լուծարվի, և իրականացվեն արտահերթ ընտրություններ»,- հավելեց Սիմոնյանը։
Վերջինս անդրադառնալով նաև լրագրողների այն հարցին, թե ինչու է անհրաժեշտ իր պաշտոնից հեռացնել ԳՇ պետին, արդյո՞ք իշխանության այն պնդումը, թե նման հայտարարությունից հետո ԳՇ պետը չի կարող մնալ իր պաշտոնին արդարացված են, Սիմոնյանը պատասխանեց, որ ինքը կարող է միայն հեռահար մեկնաբանել, թե ինչու է այս վախը, իսկ մնացած հարցերին կարող է պատասխանել միայն իշխանությունը։
«Այդ վախն այն պատճառով է, որովհետև մենք նման աննախադեպ ակցիա, գործողություն չենք ունեցել մեր պետականության ամբողջ ընթացքում, երբ ամբողջ բանակի բարձրագույն սպայական անձնակազմը կամ նրանց մեծ մասը կանգնեն և պահանջեն, որ վարչապետը հեռանա։ Այսպիսի իրավիճակում առկա մարտահրավերներին չենք կարող արձագանքել, յուրաքանչյուրը վերմակը քաշի իր ուղղությամբ և արդյունքում պետականություն կորցնենք։ Մեկը պետք է ողջախոհություն ունենա, և ողջախոհություն ունենալու անհրաժեշտությունը բխում է հենց այսպես կոչված հասարակության ամենաբարձր պաշտոնատար անձի ներքին պատասխանատվությունից։ Եթե այդ մարդը պատրաստ է իր անձնական կամակորության հետևանքով պետականությունը վարի տալ, ես այդ մարդուն չեմ կարողանում հասկանալ»,- եզրափակեց Սիմոնյանը։
comment.count (0)