Պատերազմի 4-րդ օրվա Անվտանգության խորհրդի նիստում որևէ մեկը պատերազմը դադարեցնելու առաջարկ չի արել։ Այս մասին Civilnet-ում հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ԱԽ նիստում այդ ժամանակ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը խոսել է ռազմական իրավիճակի մասին։
«Նա խոսել է մի քանի թեմաների մասին․ F16-երի մասին և դրանց խնդիրների մասին, խոսել է մեր կողմից կիրառվող Սմերչերի և դրանց հաջողությունների մասին, խոսել է Ջաբրայիլում որոշակի, շատ փոքր հաջողությունների մասին, նաև ասել է, որ առաջնագծում ռազմական իրավիճակի որևէ փոփոխություն չկա, ևբանակը շարունակելու է կատարել իր խնդիրները։ Այդ օրվա ԱԽ նիստում որևէ մեկը մեզ չի առաջարկել պատերազմը դադարեցնել։ Իսկ պատերազմի զեկույցի մասում նշված մտքերը որևիցե ձև չեն համապատասխանում այդ ասածին»,- նշել է նա։
Գրիգորյանն ընդգծել է, որ առաջին անգամ այդպիսի խոսակցություն եղել է հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում, որտեղ նշվել է, որ 2,3 օր ունենք, որից հետո պատերազմը մոտ 20 օր շարունակվել է։
«Ավելին՝ նույնիսկ այդպիսի միտք չի հնչել, որ կարող է երկիմաստություն ունենա»,- հավելել է նա։
Լրագրողի ճշտող հարցին, թե Արմեն Գրիգորյանը հերքո՞ւմ է Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, վերջինս ասաց․ «Ես ասում եմ այն, ինչ եղել է ԱԽ նիստում։ Ասում եմ հիմա, որովհետև քաղաքակաան դաշտում շահարկվում է այս թեման։ Բոլոր քաղաքական գործիչները սրա մասին հայտարարություն են անում․ իրողությունն այն է, ինչ նկարագրեցի»։
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։
comment.count (0)