tert.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA) վերադարձը դժվար է, բայց ոչ անհնար:
Այս մասին այսօր հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների որոշմանը, ես կասեի, որ տեսնում եմ նրանց վերադարձն Իրանի միջուկային գործարքին: Սա այն է, ինչ նրանք են ասում ինձ, երբ ես խոսում եմ նրանց պետքարտուղարի և Իրանում նրանց դեսպանի հետ (նշենք՝ ԱՄՆ-ն Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, որի հետևանքով երկրի շահերն իսլամական պետությունում ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը,- Tert.am): Նրանք ինձ ասում են, որ ցանկանում են վերադառնալ: Բայց, իհարկե, կան մի շարք խնդիրներ, որոնք դեռ պետք է պարզաբանվեն: Գործարքին վերադարձն անհնարին չէ, դժվար է, բայց և անհնարին էլ չէ»,- պատասխանելով եվրապատգամավորների հարցերին՝ նշել է Գրոսին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ միջուկային համաձայնագրին, որից երկիրը դուրս էր եկել 2018 թվականին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը մանրամասնել էր, որ նման բան տեղի կունենա միայն այն պարագայում, եթե Թեհրանը առաջինը վերսկսի համաձայնագրի դրույթների լիակատար կատարումը:
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (միջուկային գործարք) քաղաքական համաձայնագիր է, որը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 15-ին Իրանի և մի խումբ պետությունների միջև՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Խումբը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ՉԺՀ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից:
comment.count (0)