tert.am: Նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանին Պաշտպանության նախարարությունը կուղարկի Գերմանիա՝ բուժման: Այս մասին ասաց Դավիթ Հակոբյանը:
«Ինձ երկուշաբթի օրն ընդունեց Պաշտպանության նախարարության գեներալներից մեկը: Ասաց, որ վիզայի խնդիրը կկարգավորեն, որ կարողանան ուղարկել ինձ Գերմանիա»,- ասաց նախկին զինծառայողը:
Նա տեղեկացրեց, որ շաբաթ օրվանից արդեն դադարեցրել էր հացադուլը, քանի որ արդեն խոստացել էին, որ կընդունեն իրեն:
Հակոբյանը, անդրադառնալով ՊՆ-ի տարածած այն հայտարարությանը, թե իր վնասվածքները ծառայության ընթացքում չի ստացել, նշեց, որ ինքը հայտարարությունը տարածելուց հետո զանգահարել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին և պարզաբանում խնդրել: «Ես պարոն Արծրուն Հովհաննիսյանից հարցրել եմ՝ ինչո՞ւ են նման բան տարածում, չկա նման բան: Նա ասել է, թե իրեն այդպես են նախարարությունից ասել: Ես խնդրեցի, որ նա ընդունի թե´ ինձ, թե´ այդպես զեկուցողներին, որ հասկանանք՝ ով է ճիշտ, ով՝ սխալ»,- ասաց նա:
comment.count (0)