ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Ազատություն ռադիոկայանի» եթերում հայտարարել է, թե գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել, այլ միայն հույսեր, եւ, նրա խոսքով՝ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել։
«Պայմանավորվածություններ չեն եղել, մենք ուղղակի հույս ենք ունեցել, ինչպես ամեն օր, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի, այս ամենը տեղեկատվական այս իրավիճակում բավականին մեծ արձագանք ու դժգոհություն է առաջացրել, որը ընդունելի է, բայց բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, այնուամենայնիվ ես համարում եմ, որ նման ապատեղեկատվության համար պետք է ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից եւ ծնողներից»,- մասնավորապես ասել է Ալեն Սիմոնյանը:
Սակայն, իրականում, գերիների վերադարձի վերաբերյալ լուրերը երեկ երեկոյան սկսեցին շրջանառվել լրատվամիջոցներում ու սոցցանցերում, հետո ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել էր այդ տեղեկությունը։ Գեւորգյանից հետո մամուլում հայտնվեց նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանի հայտարարությունը, ըստ որի՝ գերիներին բերող օդանավը վայրէջք է կատարելու էրեբունի օդանավակայանում։
Գերիների խումբ, սակայն, Հայաստան չվերադարձավ, ինչը բողոքի ալիք բարձրացրեց քաղաքացիների ու հատկապես գերեվարվածների հարազատների շրջանում։ Երբ պարզ դարձավ, որ գերիներ չեն վերադարձվել, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանում տարածեց, որում ասված էր, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։
Փոխվարչապետի գրասենյակը, փաստորեն, ոչ թե հերքեց այն լուրերը, որ գերիների խումբ պետք է վերադառնար Հայաստան, այլ միայն նշեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվել է:
Սրան հետեւեց Civilnet-ի հարցումը փոխվարչապետի գրասենյակին: Լրատվամիջոցի ստացած պատասխանի համաձայն՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը գերիների վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել, եւ որեւէ լրատվամիջոց առանձին կարգով այդ մասին կանխավ չի տեղեկացվել:
Ի դեպ՝ այժմ «Սպուտնիկ» լրատվականը, որին Ավինյանի խոսնակը մեկնաբանություն էր տվել, փոխել է լուրի տեքստը, սակայն դեռեւս չփոխված տարբերակը, որտեղ Նժդեհ Հովսեփյանը հաստատել է լուրը, ինտերնետ արխիվում պահպանվել է։ Իսկ լուրն, ըստ ամենայնի, փոխվել է այն բանից հետո, երբ Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը «Հրապարակի» լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, որ գերիների վերադարձ չէր էլ նախատեսվում, եւ որ այդ լուրը հաստատողները կեղծ պրովոկացիա են արել՝ թյուրիմացության մեջ գցելով բնակչությանը։
Մուրադովի հայտարարությունից հետո էլ լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ինքաթիռում եղել է նաեւ Մուրադովը, իսկ դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել ենք:
Թե այսքանից հետո Ալեն Սիմոնյանն ինչպես է հերքում, որ պաշտոնական աղբյուրները չեն հաստատել գերիների վերադարձի վերաբերյալ լուրերը, անհասկանալի է, քանի որ, վարչապետի եւ փոխվարչապետի խոսնակները, փաստորեն, առնվազն երկու լրատվամիջոցի հաստատել են տեղեկությունները։ Բացի դրանից՝ Ավինյանի գրասենյակն ավելի ուշ ցավով հայտնել էր, որ գերիների վերադարձը հետաձգվում է, այլ ոչ թե չի էլ նախատեսվել։ Իսկ պետական կառույցների կամ պաշտոնյաների մամուլի խոսնակների գործառույթն, ի թիվս այլնի, նաեւ կառույցի կամ պաշտոնյանի մեկնաբանությունները լրատվամիջոցներին հաղորդելն է։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)