Հանրապետության նախագահը պետք է օր առաջ ստորագրի ապրիլի 1-ին խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը՝ որպես Սահմանադրությամբ ամրագրված ընտրակարգի վերականգնում: Այս մասին Ինքնիշխան Հայաստան կուսկացությունը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Արդար Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և Միավորված Աշխատանքային կուսակցությունների համատեղ հայտարարությունը:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«2021 թվականի ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է վերացնել «ռեյտինգային» ընտրակարգը և գալիք արտահերթ ընտրություններն անցկացնել սովորական համամասնական ընտրակարգով:
Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս, ունենալով բազում տարաձայնություններ, համակարծիք ենք, որ «ռեյտինգային» ընտրակարգը աղավաղում էր ընտրությունների քաղաքական մրցակցության տրամաբանությունը, և այդ ընտրակարգից հրաժարումը բխում է հանրային կարծիքից ու հանրային շահից: Այս հարցը, թերևս, վերջին տարիներին ամենաշատը քննարկված օրենսդրական փոփոխություններից մեկն է:
Ավելին, հարկ ենք համարում արձանագրել, որ «ռեյտինգային» ընտրակարգը նաև շեղվում էր Սահմանադրությամբ ամրագրված համամասնական ընտրակարգի տրամաբանությունից, ինչը արձանագրել են թե՜ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի բազմաթիվ դերակատարներ, թե՜ փորձագետներ և թե՜ Վենետիկի հանձնաժողովը՝ դեռևս սկսված 2016 թվականից:
Թեև ներքոստորագրյալ կուսակցություններն ունեն տարբեր կարծիքներ կապված ընտրությունների կազմակերպման հետ, սակայն փաստում ենք, որ այս փոփոխությունը դրական կանդրադառնա ընտրությունների որակի վրա: Միաժամանակ, համարում ենք, որ մարտ ամսին շրջանառված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում առկա են մի շարք այլ կարևորագույն առաջարկներ, որոնց ընդունումը ևս կխթանի առաջիկա ընտրությունների ժամանակ մրցակցության քաղաքական բաղադրիչի աճը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ համարում ենք, որ
1. Հանրապետության նախագահը պետք է օր առաջ ստորագրի ապրիլի 1-ին խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը՝ որպես Սահմանադրությամբ ամրագրված ընտրակարգի վերականգնում,
2. Ազգային ժողովը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է ընդունի Ընտրական օրենսգրքի ընտրական բարեփոխումների մնացած հատվածը (այդ թվում՝ ընտրական հանցագործությունների խստացումը)՝ ապահովելու ընտրությունների անցկացումը առավել քաղաքական մրցակցության մթնոլորտում:
Սույն հայտարարությունը ստորագրում են հետևյալ քաղաքական ուժերը․
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Հանուն Հանրապետության» կուսակցություն
Միավորված Աշխատանքային կուսակցություն»:
comment.count (0)