tert.am: Ավստրալիան չեղյալ է հայտարարել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ առնչվող պայմանագրերը, ինչն առաջացրել է Պեկինի զայրույթը և երկրների միջև հետագա լարվածության հիմք դարձել, հայտնում է BBC լրատվականը։
Դաշնային կառավարությունն օգտագործել է նոր լիազորությունները՝ Վիկտորիա նահանգի և Չինաստանի միջև կնքված երկու համաձայնագիրը խզելու համար։
Ավստրալիայում Չինաստանի դեսպանատունն այս քայլը որակել է «սադրիչ» և նշել, որ գործողությունը «անպայման վնաս կհասցնի երկկողմ հարաբերություններին և կվնասի միայն Ավստրալիային»:
«Սա նաև ցույց է տալիս, որ Ավստրալիայի կառավարությունն անկեղծ չէ Չինաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում», - ասվում է Ավստրալիայում Չինաստանի դեսպանատան մամուլի խոսնակի տարածած հայտարարության մեջ։
Ըստ օրենսդրության` Ավստրալիայի կառավարությունը իրավունք ունի վետո դնել տեղական մարմինների և հաստատությունների կողմից կնքված այնպիսի համաձայնագրերի վրա, որոնք «սպառնալիք» են հանդիսանում Ավստրալիայի ազգային շահերին։
Լրատվականը նշել է, որ սա առաջի դեպքն է, երբ կառավարությունը կիրառում է իրեն վերապահված վետոյի իրավունքը։
Արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը, Չինաստանին առնչվող գործարքներից բացի, նաև չեղյալ է հայտարարել Իրանի և Սիրիայի հետ կնքված պայմանագրերը: 2004 թվականին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Վիկտորիայի կրթության վարչության և Իրանի միջև, իսկ 1999 թվականին Սիրիայի հետ կնքվել է Գիտական համագործակցության համաձայնագիր:
Փեյնը նշել է, որ չորս համաձայնագրերը «չեն համապատասխանում Ավստրալիայի արտաքին քաղաքականությանը կամ բացասաբար են անդրադառնում երկրի արտաքին հարաբերությունների վրա»:
comment.count (0)