1lurer.am: Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ Եվրանեսթում, հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են նախորդ շաբաթ տեղի ունեցած նստաշրջանում իրենց աշխատանքները:
«Մեզ համար, բնականաբար, առաջնային թեմա է եղել շեշտադրումներ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունով պայմանավորված՝ ռազմագերիների վերադարձի հարցին, որի պարտավորությունն ադրբեջանական կողմը, ցավոք սրտի, մինչ այսօր ամբողջությամբ չի կատարել: Այս հարցով եվրոպական գործընկերների մոտ կա լայն կոնսենսուս: Ոչ միայն մեր պատվիրակները, այլև մի շարք պատգամավորներ ելույթ ունեցան, նշեցին, որ Ադրբեջանը պետք է կատարի պայմանավորվածությունները: Բնականաբար, խոսեցինք Ադրբեջանում հայատյացության քաղաքականությունից, հայկական մշակութային ժառանգության հարցերով խոսեցինք»,- մանրամասնեց «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Նրա խոսքով՝ Եվրանեսթի ԽՎ լիագումար նստաշրջանում ելույթ են ունեցել նաև անդամ երկրների խորհրդարանների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ադրբեջանի մեջլիսի նախագահը ելույթ չունեցավ, ինչը մեզ հուշում է, որ ադրբեջանական կողմը բավարարված չէ Եվրանեսթի աշխատանքներով, քանի որ տարբեր բանաձևերում նրանց ներկայացրած բոլոր հակահայկական կետերը դուրս են մղվել, ընդհուպ մինչև էներգետիկ հարցերով հանձնաժողովում ադրբեջանցիները փորձում են իրենց բառապաշարով՝ վնասել ՀՀ շահերին, ինչը, հուրախություն մեզ, չի հաջողվել»,- ասաց Ենգիբարյանը:
comment.count (0)