armtimes.com: Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման հետ կապված Վաշինգտոնի աջակցության համար, հաղորդում է The times of Israel-ը:
ԱՄՆ-ն արգելափակել է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, ինչի համար Իսրայելն ԱՄՆ-ին անվանել է «լավ ընկեր»:
Աշկենազին կարևորել է միջազգային հանրության կողմից Համասի դատապարտումը, «որը քաղաքացիական անձանց օգտագործում է որպես մարդկային վահան»:
Արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Համաս շարժման դեմ պայքարը շարունակվելու է մինչև Իսրայելի հարավային և նրա կենտրոնական շրջաններում իրավիճակի կայունացումը:
Ըստ պարբերականի, Իսրայելը մտադիր չէ Համասի հետ հրադադարի ռեժիմի հաստատման հնարավորությունը դիտարկել մինչ հինգշաբթի: Իսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին կոչ է արել զգոն լինեն, քանի որ Գազայի հատվածի վրա հարձակումը շարունակվելու է:
Նախարար Գանցի հայտարարությունն արվել է Միջին Արևելքում հակամարտող կողմերին ուղղված միջազգային հանրության կոչերի ֆոնին՝ վերջ տալ Գազայի հատվածի շուրջ իրավիճակի սրմանը և խաղաղ ճանապարհով լուծել տարաձայնությունները:
comment.count (0)