armtimes.com: Մի շարք քաղաքական ուժեր արդեն վերջնական որոշում են կայացրել՝ մասնակցելու հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
Չնայած քաղաքական ուժերի ցուցակները դեռ չեն հրապարակվել, բայց առաջին համարների մասով արդեն կողմնորոշվածություն նկատվում է:
«Բարգավաճ Հայաստան»-ը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը միակն են, որոնք հայտարարել են ընտրացուցակի առաջին երեք համարների անունները:
Այսպես՝ ԲՀԿ ընտրացուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հաջորդը Միքայել Մելքումյանն է, երրորդը՝ Իվետա Տոնոյանը:
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը գլխավորելու է անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, երկրորդը «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի տարբերություն 2018-ի արտահերթ ընտրությունների, այս տարի մասնակցում է միայնակ՝ առանց դաշինքի, կուսակցության ցուցակի առաջին համարը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է:
ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների ստեղծած «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում առաջինը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը:
Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» ուժերի ստեղծած «Հայաստան» քաղաքական դաշինքի առաջին համարը Ռոբերտ Քոչարյանն է:
«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանն է:
«Հայ ազգային կոնգրես»-ի առաջին համարն էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է:
«Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը կգլխավորի Սուրեն Սահակյանը:
Տիգրան Խզմալյանի գլխավորած «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համարը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն է:
«Հայաստանի դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Արամ Սարգսյանն ու նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն էլ երեկ համագործակցության ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հուշագիր ստորագրեցին, ցուցակը կգլխավորի Արզաքանցյանը:
Ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարել է նաև փաստաբան Նորայր Նորիկյանի հիմնադրած «Արդար Հայաստան» կուսակցությունը, ընտրացուցակի առաջին համարն էլ հենց Նորիկյանն է լինելու:
Նշենք, որ կուսակցությունները եւ դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Կուսակցությունների ու դաշինքների ցուցակները պետք է գրանցվեն մայիսի 26-30-ը:
comment.count (0)