Դա պետության օժանդակությամբ իրականացված առևանգում էր․ ինքնաթիռում Բելառուսի ՊԱԿ-ի գործակալներ են եղել․ Ryanair |tert.am|
13:17 - 24 մայիսի, 2021

Դա պետության օժանդակությամբ իրականացված առևանգում էր․ ինքնաթիռում Բելառուսի ՊԱԿ-ի գործակալներ են եղել․ Ryanair |tert.am|

tert.am: Իռլանդական Ryanair ավիաընկերության ղեկավար Մայքլ Օ՛Լիրին Մինսկում ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հետ կապված միջադեպն անվանել է «պետության օժանդակությամբ իրականացված առևանգում», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Դա կառավարության աջակցությամբ իրականացված առևանգում էր», -ասել է Օ՛Լիրին և հավելել, որ մանրամասներ հաղորդել չի կարող, քանի որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամներն այժմ այս հարցով են զբաղված։

Ընկերության ղեկավարը նշել է, որ ինքնաթիռի անձնակազմը ֆենոմենալ աշխատանք է կատարել 6 ժամվա ընթացքում ինքնաթիռը Մինսկից դուրս բերելու ուղղությամբ, քանի որ միջադեպը «շատ վախենալու» է եղել։ Ուղևորներն ու անձնակազմը գտնվել են զինված պահակախմբի հսկողության տակ, որը խուզարկել է ինքնաթիռից իջած բոլոր մարդկանց։

Մայքլ Օ՛Լիրին նաև հայտնել է, որ ենթադրում է՝ ինքնաթիռում եղել են Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցներ, որոնք կազմակերպել են ինքնաթիռի վայրէջքը Մինսկում։

«Մենք հավատում ենք, որ Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի մի քանի աշխատակիցներ իջել են օդանավակայանում», - Newstalk ռադիոկայանին տված հարցազրույցից մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել