Տեղի է ունեցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին կայքի շնորհանդես-ասուլիսը
15:27 - 02 հունիսի, 2021

Տեղի է ունեցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին կայքի շնորհանդես-ասուլիսը

 Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին իրազեկող միասնական www.reforms.am կայքի շնորհանդես-ասուլիսը:

Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, կարևորել է նման նախաձեռնությունը` նշելով, որ կայքը քաղաքացիական իրազեկվածության և վերահսկողության ևս մեկ գործիք է հայ հանրության ձեռքում:

Անդրադառնալով հանրային իրազեկման ուղղությամբ Արդարադատության նախարարության նախկին վերլուծություններին՝ փոխնախարարն ընդգծել է, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած իրազեկման բացը լրացնելու համար 2019-2020թթ. 4-ից ավելի ոլորտային ռազմավարությունների մշակման դեպքում ներդրվել է հաղորդակցության բաղադրիչը՝ իր արտաքին և ներքին հաղորդակցման բաղկացուցիչներով:

Որպես Քաղաքացիական վերահսկողության մեկ այլ կարևոր գործիք՝ փոխնախարար Գրիգորյանը նշել է ոլորտային ռազմավարությունները համակարգող խորհուրդների կազմերում ձայնի իրավունքով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության ապահովումը:

Այդուհանդերձ, Քրիստիննե Գրիգորյանը հավելել է, որ հեռու է այն մտքից, որ հասել ենք քաղաքացիական իրազեկման և վերահսկողության ուղղությամբ մեր առջև դրված խնդիրների լուծմանը և այդ համատեքստում ընդգծել, որ նման էլեկտրոնային գործիքի ներդրումը կարևոր աջակցություն է մասնակցային կառավարման Կառավարության նպատակադրմանը հասնելու ճանապարհին:

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան-ի տնօրեն  Ջոն Ալեյոն իր հերթին կարևորել է նման կայքի առկայությունը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար՝ բաց և թափանցիկ կառավարման տեսանկյունից, որի շրջանակներում էլ ԱՄՆ կառավարությունն աջակցում է հայաստանյան գործընկերներին:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր հերթին ներկայացրել է կայքի ստեղծման նպատակները, դրանում ներգրավված մասնագետներին, նախանշված թիրախները և ակնկալվող արդյունքները:

Այնուհետև, կայացել է հարց ու պատասխանը բանախոսների և լրագրողների միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել