ԱԺ հերթական քառօրյայում քննարկվելու են Կառավարության կառուցվածքի եւ ՍԴ անդամի ընտրության՝ երկար սպասված հարցերը |armtimes.com|
11:30 - 15 ապրիլի, 2019

ԱԺ հերթական քառօրյայում քննարկվելու են Կառավարության կառուցվածքի եւ ՍԴ անդամի ընտրության՝ երկար սպասված հարցերը |armtimes.com|

armtimes.com։ Ապրիլի 16-ին, մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական քառօրյա նստաշրջանը։ Ամենայն հավանականությամբ՝ նստաշրջանը բուռն քննարկումներով կընթանա․ օրակարգում մի քանի կարեւոր հարցեր կան, այդ թվում՝ ընտրություններ։
Մասնավորապես՝ առաջիկա քառօրյայում խորհրդարանը կքննարկի կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի՝ երկար քննարկված ու սպասված նախագիծը, որը պետական կառավարման ապարատում օպտիմալացումներ է նախատեսում՝ նախարարությունների միավորում եւ կրճատում։

Այնուհետեւ՝ սպասվում են Սահմանադրական դատարանի դատավորի եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրությունները։
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է Գոռ Հովհաննիսյանը, որին առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուն էներգետիկ եւ բնական ռեսուրսների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն է։

Այս երկու ընտրություններն էլ անցկացվելու են գաղտնի քվեարկությամբ։ Թեկնածուներն ընտրված են համարվելու պատգամավորների ¾-ի դրական քվեարկության պարագայում։
ՍԴ անդամի ընտրության հարցն ավելի խնդրահարույց է։ Հնարավոր է՝ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ չի քվեարկի նրա թեկնածությանը, քանի որ արդեն իսկ ակնարկել է, որ Հովհաննիսյանն իրենց համար ընդունելի թեկնածու չէ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել