armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու պարագայում նախատեսում է գյուղատնտեսական ոլորտում էական փոփոխություններ կատարել՝ գյուղացուն զերծ պահելով հնարավոր բոլոր ռիսկերից:
Այս մասին ասացին կուսակցության ընտրական ցուցակի անդամները:
Քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ շփումից ԼՀԿ-ն նկատել է՝ մարդկանց համար լրջագույն խնդիրներ են շարունակում մնալ անվտանգությունն ու տնտեսական հարցերը:
Անի Սամսոնյանն ասաց, որ մարզերում մարդիկ հիմնականում բողոքում են գյուղատնտեսական ոլորտի խնդիրներից, նրանք բողոքում են, որ չկա Գյուղատնտեսության նախարարություն: «Մենք այնքան պայքար էինք մղում, որ չփակեն նախարարությունը: Հիմա բոլորը խոսում են նախարարությունը բացելու մասին: Այն ժամանակ, երբ մենք խորհրդարանում կռիվ էինք տալիս, ոչ մեկը չէր մտածում աջակցել ԼՀԿ-ին»,- ասաց Սամսոնյանն ու հավելեց, որ գյուղացիները բողոքում են, որ բերքը ցանելու, շուկայում իրացնելու խնդիրներ կան:
Գևորգ Գորգիսյանն ակտիվորեն ներգրավված է եղել ԼՀԿ-ի՝ գյուղատնտեսական ծրագրերը մշակելու գործում: Նա ներկայացրեց կուսակցության տեսլականը՝ գյուղատնտեսական խնդիրների, գյուացու խնդիրների լուծման համար: «Հիմա, փաստացի, գյուղացու վրա է մնացել ամբողջ բեռը՝ ուսումնասիրել շուկան, հասկանալ, թե ինչի պահանջարկ կա, ինչ սերմացու, ինչ պարարտանյութ ընտրել, ինչպես հավաքել, ինչպես իրացնել: Դա մի մարդը, նույնիսկ մի ֆերման չի կարող անել: Եվ մենք առաջարկում ենք պետություն-մասնավոր համագործակցությամբ ստեղծել կառույց, համակարգ, որը տալու է գյուղացուն ամեն ինչ, գյուղացուն մնալու է միայն ցանել, հավաքել, իրացումն իրականացնելու է այդ կազմակերպությունը, համակարգը»,- ասաց Գորգիսյանն ու հավելեց՝ գյուղացուն զերծ են պահելու բոլոր հնարավոր ռիսկերից:
Դավիթ Խաժակյանն էլ խոսելով կուսակցության շանսերից՝ նշեց, որ իրենք բարձր են գնահատում ԼՀԿ-ի շանսերը: «Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ եթե մի կողմ դնենք նախկին և ներկա իշխանություններին, ապա միակ այլընտրանքի հնարավորությունը «Լուսավոր Հայաստանն է»,- ասաց նա:
comment.count (0)