«Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավորության թեկնածու Արման Մուսինյանը «Ալիք» մեդիայի «Զրույց Թաթուլ Հակոբյանի հետ» հաղորդաշարի ընթացքում նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ վերացնել Հայաստանի գլխին կախված սպառնալիքները։
«Հայաստանը ապրում է խորագույն ճգնաժամ՝ կապված վերջին աղետի հետ, որը վրա հասավ մեր պետության և ժողովրդի գլխին, և մեր խնդիրն է կասեցնել այս աղետալի ընթացքը, որը դեռ շարունակվում է, հատկապես նաև գործող իշխանության պաշտոնավարման արդյունքում, և հնարավորինս արագ վերացնել այն վտանգավոր սպառնալիքները, որոնք այսօր կախված են մեր երկրի գլխին»։
Մուսինյանի խոսքով՝ Հայաստանում հիմա իսկապես հրդեհ է։ «Առաջնահերթ հարցը այդ հրդեհի մարումն է, որի առանցքային հենասյուներն են լինելու անվտանգությունը, դիվանագիտական ճանապարհով մեր խնդիրների լուծումը, սպառնալիքների չեզոքացումը, և պետության կառավարելիության ապահովումը։ Սրանք են այն երեք գերակա խնդիրները, որոնց այսօր պետք է լծվի իշխանությանը հավակնող քաղաքական ուժը։ Անհամեստություն չլինի, այդ ուժը, որ ունի նման պոտենցիալ, «Հայ ազգային կոնգրես»-ն է, որովհետև փորձով մնացած ուժերը ցույց են տվել այդ հարցում իրենց անկարողությունը»։
Նրա դիտարկմամբ՝ պետության կործանարար ընթացքը շարունակվելու է, քանի դեռ քաղաքականության հիմքում չի դրվում իրատեսությունը։ «Եվ, ցավոք, քաղաքական ուժերի մեծամասնությունը դեռ շարունակում են ժողովրդին կերակրել այդ կեղծ պատրանքներով, հեքիաթներով և վտանգավոր գաղափարներով, պոպուլիզմով, ստով, կեղծիքով։ Եթե մենք չկարողացանք հունիսի 20-ին կասեցնել այդ ընթացքը, մեր երկիրը հայտնվելու է էլ ավելի վտանգավոր ուղու վրա»։
Նա նաև նշել է, որ 1998 թ․-ին՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Հայաստանի պատմության ընթացքը բեկվել է վտանգավոր ուղղությամբ։ «Հայաստանի հաջորդ իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը ընտրեցին Ղարաբաղի հարցը չլուծելու քաղաքականություն։Երեք իշխանություններն էլ խնդիր չէին դրել լուծել Ղարաբաղի հարցը, դա իրենց համար առաջնահերթություն չէր այդ իմաստով։ Կգնային, կբանակցեին, կմոտենային ինչ-որ հանգուցալուծման, հետո կստացվեր, թե չէր ստացվի։ Իրենց համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ որպես պետության առաջնահերթություն չի եղել, սա է ցույց տալիս իրենց գործողությունները, ինչքան էլ որ նրանք հրապարակավ այլ բան խոսեն։ Գործողությունները փաստում են, որ նրանց համար դա չի եղել առաջնահերթություն»։
comment.count (0)