Կրիմինալ վիճակը՝ ընտրական հանցագործությունների մասով, ՀՀ-ում միասեռ չէ․ Դանիել Իոաննիսյան
13:40 - 20 հունիսի, 2021

Կրիմինալ վիճակը՝ ընտրական հանցագործությունների մասով, ՀՀ-ում միասեռ չէ․ Դանիել Իոաննիսյան

Մինչ հեղափոխությունը առավոտյան ժամը 8-ին համարյա բոլոր ընտրատեղամասերում, առավոտյան ժամը 8-ից սկսած, լինում էին ընտրողների կուտակումներ։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

«2018-ի ընտրություններին ընտրողների կուտակումներ չկային։ Բայց այս ընտրություններին այն տեղամասերում, որոնց տարածքի մասին ունեինք տեղեկություններ ընտրակաշառքի վերաբերյալ, մեր դիտորդները տեսան «տասովշիկների» և հենց այդ տեղամասերում ընտրողների կուտակումներ էին առավոտ ժամը 8-ին։ Ողջամտությունն այն է, որ մարդ նախընտրում է քնել կիրակի առավոտյան։ Ինչ են անում «տասովշիկները»․ ընտրողներին, որոնք իրենցից որոշակի կախման մեջ են, հրահանգում են գալ առավոտյան ժամը 8-ին և առավելագույն շատ ժամանակ ունենան, որ չեկած մարդկանց բերեն տեղամաս կամ իրենց անելիքները տեսնեն»,- ասաց նա։

Իոաննիսյանի խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ կրիմինալ վիճակը՝ ընտրական հանցագործությունների մասով, ՀՀ-ում միասեռ չէ․ «Որոշ տեղեր կրիմինալ խմբերը աշխատում են և ընտրողների վրա ազդեցություն են փորձում ունենալ, ըստ էության ունենում են։ Որոշ տեղերում ընտրողներն իրենց ավելի ազատ են զգում, որտեղ կրիմինալ խմբերը չկան կամ ակտիվ չեն»։

Անդրադառնալով ընտրախախտումների մասին ահազանգերին՝ Դանիել Իոաննիսյանը հայտնեց, որ հիմնականում ահազանգերը Երևանից են։

«Եղել է մի դեպք, որ ընտրողն ահազանգել էր, որ իրեն չեն տվել դաշինքի քվեաթերթիկ։ Մենք ուսումնասիրել ենք տեսանյութը, և տեսանյութում երևում է, որ քվեաթերթիկների բոլոր տրցակներից ընտրողին տրվում է քվեաթերթիկ»,- եզրափակեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել