Վարչական դատարանը բավարարել է «Զարթոնք» կուսակցության հայցը
21:45 - 25 հունիսի, 2021

Վարչական դատարանը բավարարել է «Զարթոնք» կուսակցության հայցը

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայտնում է, որ հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, և հայցադիմումը բավարարվել է․ 
 
«Այսօր ՀՀ վարչական դատարանը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցը բավարարել է և ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6861/05/21 գործով 17.06.2021թ. կայացված վճռով հաստատված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի) խախտումների առնչությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործիքակազմը չկիրառելը (անգործությունը):
 
Վարչական դատարանի վճռից հետևում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է միջոցներ ձեռնարկեր պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունները (հարկադրանքի, սպառնալիքների և ատելություն պարունակող) կանխելու ուղղությամբ, ինչը չի արել՝ դրսևորելով անգործություն:
 
Հունիսի 18-ին հայտնել էինք, որ վարչական դատարանը մերժել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և երրորդ անձ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որը վերաբերվում էր ՔՊ ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու հետ կապված վեճին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել