ԵԽԽՎ-ն մտահոգված է. Քաղաքական գործիչները պետք է խուսափեն ատելության խոսքից
08:43 - 11 ապրիլի, 2019

ԵԽԽՎ-ն մտահոգված է. Քաղաքական գործիչները պետք է խուսափեն ատելության խոսքից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախօրեին ընդունած բանաձևով մտահոգություն է հայտնել ատելության խոսքի տարածման կապակցությամբ, ինչը խթանում է խտրականություն, ռասայական ատելություն, հակասեմիտիզմ, իսլամաֆոբիա և անհանդուրժողականություն՝ ուղղված մասնավորապես փոքրամասնությունների դեմ՝ ներգաղթյալների, կանանց և ԼԳԲՏԻ անձանց:

Այս անհանգստացնող միտումը չի խնայում նաև քաղաքական ասպարեզին, և ատելության խոսքն օգտագործվում է «ոչ միայն պոպուլիստական և ծայրահեղական խմբերի կողմից, այլև քաղաքական ողջ սպեկտրի ներկայացուցիչների կողմից»։ Այս մասին ասվում է Էլվիրա Կովակսի պատրաստած զեկույցում։

«Քաղաքական գործիչներն ունեն և քաղաքական, և բարոյական պատասխանատվություն` «խուսափել ատելության և խեղաթյուրող խոսքից ու անհապաղ դատապարտել ուրիշների կողմից դրա օգտագործումը, քանի որ լռությունը կարող է մեկնաբանվել որպես հավանության արժանացում կամ աջակցություն»,- ընդգծվում է տեքստում:

Վեհաժողովը քաղաքական կուսակցություններին ու շարժումներին խրախուսում է՝ ընդունել ինքնակարգավորվող գործիքներ, ինչպիսիք են վարքագծի կանոնները և էթիկայի կանոնները՝ արգելելով ատելության խոսքի օգտագործումն իրենց անդամների կողմից:

«Ինտերնետային միջնորդները, մասնավորապես, սոցիալական ցանցերը, պետք է կիրառեն նաև ինքնակարգավորվող գործիքներ, ատելության խոսքի կանխարգելման և պատժամիջոցների կիրառման համար ու պարտավորեվեն հեռացնել վիրավորական բովանդակությունը»,-ասում են խորհրդարանականները:

Նրանք կոչ են արել նաև անդամ պետություններին ընդունել վարչական, քաղաքացիական և քրեական իրավունքի դրույթներ ատելության խոսքի դեմ ու նպաստել իրազեկման բարձրացմանը, ներառյալ միջազգային մակարդակներում:
Վերջապես, Վեհաժողովը կոչ է արել անդամ պետություններին՝ իրականացնել ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի 15-րդ ընդհանուր քաղաքականության հանձնարարականը, որը պարունակում է մի շարք միջոցներ՝ ատելության խոսքի կանխարգելման ու պայքարի ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել