ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ոլորտի առանցքային հարցեր
10:27 - 10 հուլիսի, 2021

ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ոլորտի առանցքային հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը Ֆրանսիայի հետ բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման նպատակով հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, ընդգծելով տեխնոլոգիական ոլորտի ուրույն դերը ժամանակակից աշխարհում՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը Խորհրդային Միության գերազանց գիտական ավանդույթների և ՏՏ ընկերությունների ներուժի  հիման վրա բավականին առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում, հատկապես տեղեկատվական և ինժեներական տեխնոլոգիաների ասպարեզում: Սակայն, հաշվի առնելով արդի տեխնոլոգիական զարգացման մեծ արագությունն ու ժամանակակից տնտեսության պահանջները, որակավորված մասնագետների գիտելիքների մշտական թարմացման պահանջ կա: Չոբանյանը հավելել է նաև, որ ներկայումս ՀՀ-ի համար ստրատեգիական կարևորություն ունի բարձր տեխնոլոգիական արտադրության բնագավառի զարգացումը:

«Հաշվի առնելով Ֆրանսիայի հարուստ փորձը այս ոլորտում՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ մտադիր է առաջիկայում այց իրականացնել Ֆրանսիա, հանդիպումներ ունենալ ֆրանսիական գիտական և տեխնիկական հետազոտությունների համար պատասխանատու մարմինների, կազմակերպությունների և կրթօջախների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Ժոնաթան Լաքոտը կարևորել է նախարարի պաշտոնակատարի նախատեսված այցը Ֆրանսիա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության նոր հեռանկարներ զարգացնելու առումով, և նշել է, որ դեսպանությունը կազմակերպչական և խորհրդատվական աջակցություն կտրամադրի՝ այցը բարձր մակարդակով իրականացնելու համար: Դեսպանն ընդգծել է, որ այցելությունը կարող է հատկապես արդյունավետ լինել համագործակցության նոր ուղղությունների բացահայտման առումով, ինչպիսիք են օրինակ՝ արհեստական բանականությունը, արբանյակային ծրագրերը, միջուկային արդյունաբերությունը և այլն:

ՀՀ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Հայկ Չոբանյանը բարձր է գնահատել է Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկը Հայաստանում ֆրանսիական համալսարանում: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ իր այցի շրջանակներում նախատեսում է նաև մեկնել  Թուլուզ` ծանոթանալու քաղաքի գիտատեխնիկական մեծ ներուժին, քննարկելու Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի կողմից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային գերհզոր սուպերհամակարգիչ նվիրելու հետ կապված հարցերը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունակությունների զարգացման ու նոր հմտությունների ձեռքբերման նպատակով հայ և ֆրանսիացի մասնագետների համար փոխայցերի, համատեղ դրամաշնորհային ծրագրերի իրականացման, էկոհամակարգի նոր ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման ուղղությամբ միմյանց խորհրդատվական աջակցության տրամադրելու հետ կապված հարցերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել