armtimes.com: Բարձրագույն դատական խորհրդում այսօր ավարտվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը. միջնորդությունը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հուլիսի 26-ին, ժամը՝ 15.00-ին: Նկատենք, որ Վարդազարյանն ու նրա ներկայացուցիչներն այսօրվա նիստին ներկա չէին:
Համացանցում տարածվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի մասնակցությամբ հեռախոսային ձայնագրություն, որտեղ վերջինս պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իրեն ցուցումներ տվել ազատ արձակել քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն անունով հայտնի Վահագն Աբգարյանին:
Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Բարձրագույն դատական խորհուրդը որոշում էր կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։ Հուլիսի 9-ին էլ Վարդազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ստացել է դատարանի օրինական ուժի մեջ մտած ծավալուն որոշումը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իր, որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները:
comment.count (0)