armenpress.am։ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգ կատարելիք այցի օրակարգի վերաբերյալ:
Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետին հարցեր տալու համար արդեն իսկ կան գրանցվածներ, ցուցակը բազմազան է, իսկ գրանցումը դեռևս շարունակվում է: «Կարելի է պատկերացնել, որ հարցեր կլինեն Հայաստանում ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, եվրոպական և այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Հարցերը կլինեն բազմազան»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:
Նա նաև հայտնեց, որ ՀՀ վարչապետին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը: Նրա խոսքով՝ ադրբեջանցիների հարցերը կանխատեսելի են:
Հարցին, թե ըստ օրակարգի քանի՞ պատվիրակ Նիկոլ Փաշինյանին հարց տալու հնարավորություն կունենա, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը պատասխանեց, որ դա կախված է ժամանակից. «Պետության ղեկավարներին մեկ ժամ է հատկացված, որի մեջ ներառվում է ելույթը և հարցերը: 15-20 րոպե ելույթի համար կլինի և մոտ 30-35 րոպե կհատկացվի հարց ու պատասխանին»,- ասաց նա:
Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՀՀ վարչապետի՝ Ստրասբուրգ այցի օրակարգը շատ հագեցած է, նախատեսված են հանդիպումներ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: «Պաշտոնապես կբացվի Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես. այն կբացեն վարչապետը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը: Նաև նախատեսված է հանդիպում Ստրասբուրգի հայ համայնքի հետ, ինչպես նաև այցելություն Ստրասբուրգի Մայր տաճար»,- ասաց Հովհաննիսյանը:
comment.count (0)