armtimes.com: ՀՀ պաշտպանության նախարարությունը «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցների ընդունելության համար «Գնահատման և թեստավորման կենտրոնի» կողմից իրականացվող թեստավորման համակարգի մեջ առաջարկում է փոփոխություններ իրականացնել:
ՊՆ կադրերի ռազմական կրթության վարչության առաջատար մասնագետ Էդուարդ Միրզոյանը հայտնեց, որ նախատեսվող փոփոխությունների մեջ առաջնային պլանում է այն հարցը, որ «Պատիվ ունեմ» ծրագրի զինծառայության ժամկետը կրճատվի և 3 տարվա փոխարեն ծառայությունը դառնա 2 տարի 3 ամիս:
«Զինծառայության համար նախատեսված ժամկետը նախատեսում ենք կրճատվել, մտածել ենք, որ 3 տարին երկար ժամանակ է և ցանկացել ենք ընդունվողների համար ավելի գրավիչ պայմաններ ապահովենք»- ասաց Միրզոյանը:
Ըստ առաջարկվող ծրագրի` նաև նախատեսվում է մասնակիցների ընտրության համար հիմք համարել քաղաքացու ուսման ընթացքում ՄՈԳ-ի կամ ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած միավորները:
Միրզոյանի խոսքով` նախարարությունը ցածր առաջադիմությունից խուսափելու համար առաջարկում է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ընտրված համարել նրանց, ում միջին որակական գնահատականը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոսը, իսկ եթե զորակոչիկը տվյալ տարվա դիմորդ է, ընտրված է համարվում ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած ընդհանուր առավելագույն միավորից նվազման կարգով, սակայն ոչ պակաս, քան 30 միավորը՝ երկու քննության համար, և երեք քննության համար՝ ոչ պակաս, քան 45 միավորը, իսկ 1 քննություն հանձնելու դեպքում առավելագույն միավորի 70 տոկոսը, մինչև ՊՆ ներկայացրած անհրաժեշտ տեղերի թիվը լրանալը:
«Պատիվ ունեմ» ծրագրի մեջ փոփոխություններ անելու համար քննարկումները շարունակվում են, սակայն կոնկրետ հաստատված փոփոխությունները կհրապարակենք մոտ 10 օրվա ընթացքում»-հավելեց Միրզոյանը:
Նշենք, որ ծրագրի մասնակիցը ունենում է մի շարք արտոնություններ. ունի բուհում անվճար սովորելու իրավունք` ուսման վարձը ամբողջությամբ փոխանցում է նախարարությունը:Նաև ունենում է իրավունք ուսման ժամկետով զինծառայությունից տարկետում ստանալու։ Ուսման և զինվորական պատրաստության ավարտից հետո կնքվում է պաշտպանության նախարարության նշած վայրում զինծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր:
Ծրագրի մասնակիցը կարող է նաև Հայաստանում մագիստրատուրա ընդունվել և սովորել անվճար:
comment.count (0)